‘ԿԺԴՀ-ն պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ին ցանկացած պատերազմում, այդ թվում՝ միջուկային’

859

ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ մտադիր է ամենավճռական հակաքայլերը ձեռնարկել՝ «ի պատասխան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ծայրահեղ թշնամական գործողությունների»: Ինչպես նշվում է պաշտպանության պետական կոմիտեի՝ չորեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ, Փհենյանը «պատրաստ է ԱՄՆ-ին դիմակայել ցանկացած պատերազմում, այդ թվում՝ միջուկային»:

ԿԺԴՀ-ի ժողովուրդն ու բանակն «այլևս կարիք կամ ցանկություն չունեն ԱՄՆ-ի հետ նստելու բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ այդ երկիրը ջանում է խեղդել հանրապետության գաղափարախոսությունը և տապալել նրա սոցիալական կառուցվածքը»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի դեմ ԿԺԴՀ-ն «կարող է հանել կոմպակտ, բարձր ճշգրտության և դիվերսիֆիկացված միջուկային զենք, պատերազմելու ցամաքային, ծովային, ստորջրյա, օդային և կիբեռնետիկական միջոցներ», հաղորդել է պաշտպանության պետական կոմիտեն, որը գլխավորում է երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը:

Դատելով հայտարարությունից՝ Փհենյանը զայրացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշումից՝ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ԿԺԴՀ-ի նկատմամբ, ինչպես նաև «ամերիկյան քաղաքական և զինվորական ղեկավարության մշտական կոչերից՝ ուժեղացնել  երկրի շրջափակումը»: Հայտարարության մեջ նաև նշվում է  ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի՝ առաջիկայում նախատեսված լայնածավալ զորավարժությունների վտանգավորության մասին: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում հարձակում է կատարվել հրեական կենտրոնի զինվորական պահակախմբի վրա’
Հաջորդ հոդվածը‘Ի հատուցումն օդաչուի սպանության՝ Հորդանանը մահապատժի է ենթարկել ահաբեկիչներին’