‘Կիպրոսը փրկվեց. 10 մլրդ եվրոյի հատկացումը հաստատվեց Եվրախումբի կողմից’

1023

Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները (Եվրախումբ) լույս մարտի 25-ի գիշերը կայացած նիստում հաստատել են Կիպրոսին 10 մլրդ եվրոյի չափով կայունացման վարկի հատկացումը, հաղորդում է Reuters-ը:

Կիպրոսին ֆինանսական օգնություն հատկացնելու որոշմանը հավանություն է տրվել Եվրախմբի մեջ մտնող ֆինանսների 17 նախարարների և միջազգային վարկատուների «եռյակի»՝ Եվրոպայի կենտրոնական բանկի, Եվրահանձնաժողովի, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից:

Ինչպես հայտարարել է Եվրախմբի ղեկավար, Նիդեռլանդների ֆինանսների նախարար Երուն Դեյսելբլումը, նիստի երկրորդ կարևոր արդյունքը դարձել է Կիպրոսի երկրորդ խոշորագույն բանկի՝ Laiki Bank (Ժողովրդական բանկ) վերակազմման և Կիպրոսին 10 մլրդ եվրո հատկացնելու որոշումը:

Laiki Bank-ի այն հաշիվները, որոնք ներառում են մինչև 100 հազար եվրո, Եվրամիության օրենքների համաձայն, ապահովագրված են և կփոխանցվեն Կիպրոսի Բանկ: 100 հազար եվրոյից ավելի հաշիվները ժամանակավորապես կսառեցվեն և կհարկվեն, հարկը, ըստ չհաստատված տվյալների, կարող է կազմել մինչև 40 տոկոս: Դեյսելբլումի խոսքով՝ այս միջոցառումը թույլ կտա հավաքել 4,2 մլրդ եվրո, ըստ որում Կիպրոսի մնացած բոլոր հաշիվները չեն հարկվելու:

Կիպրոսի, Եվրախմբի և վարկատուների «եռյակի» բանակցությունները Բրյուսելում տեղի են ունեցել մարտի 24-ին: «Եռյակի» հետ Կիպրոսի ձգձգվող բանակցությունների պատճառով Եվրախմբի նիստը, որը պետք է հավանություն տար վարկի հատկացման մասին որոշմանը, հետաձգվել էր ուշ գիշեր:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանոմ մի շարք փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան’