‘Կիպրոսի դատախազ. Անհնար է առանց անձի իմացության` նրա անունով օֆշորում ընկերություն գրանցել’

1863

Կիպրոսի գլխավոր դատախազը բացառել է ՀՀ վարչապետի պնդումն այն մասին, թե «Կիպրոսում կարելի է ցանկացած անձի անունով օֆշորային ընկերություն բացել՝ առանց տվյալ անձի գիտության»:

Մեկնաբանելով այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի հարցը` Կիպրոսի դատախազ Պետրոս Կլերիդեսը նշել է, որ թեմայի շուրջ խոսել է Հայաստանի գլխավոր դատախազի հետ:

«Առաջին անգամ եմ լսում այս մասին, նա (Աղվան Հովսեփյանը-iLur.am) խոստացավ ինձ տալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մինչեւ իմ մեկնելը, եւ ես պատասխանատվություն եմ վերցրել անմիջապես քայլեր ձեռնարկել եւ պատասխանել», — ասել է Կլերիդեսը:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք որեւէ մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել՝ առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանել է.  «Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ՝ մինչեւ չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»: Ճշտող հարցին՝ «այսինքն՝ հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանել է.  «Անհանար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձեւով»:

Հիշեցնենք, «Հետք» պարբերականի հրապարակումից հետո, ըստ որի` գործարար Աշոտ Սուքիասյանը գործարար Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաեւ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, թե որեւէ կապ չունի նշված ընկերության հետ: «Որեւիցե մեկի համար դժվարություն չէ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն ցանկացած մարդու անունով՝ չունենալով այդ մարդու թույլտվությունը: Սա անհեթեթություն է, ես չեմ գրանցել որեւէ ձեռնարկություն, եւ որեւէ մեկին լիազորություն չեմ տվել», — ԱԺ-ում հայտարարեց Տիգրան Սարգսյանը: 

Նախորդ հոդվածը‘Կարմիր խաչն այցելել է Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերուն’
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ-ում չեն կարողանում ճշտել՝ Շուշան Պետրոսյանի ամուսինն իրենց մոտ աշխատո՞ւմ է, թե ոչ’