‘Կլիչկոն` Կիևի քաղաքապետ’

952

Ուկրաինայի խորհրդարանը հինգշաբթի օրը կայացած նիստում վաղաժամ դադարեցրել է УДАР խմբակցության պատգամավոր Վիտալի Կլիչկոյի պատգամավորական լիազորությունները՝ նրա՝ Կիևի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:

Որոշմանը կողմ է քվեարկել 256 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի պարագայում:

Կիևի քաղաքապետի և քաղխորհրդի ընտրությունները Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի են ունեցել նույն օրը, ինչ նախագահական ընտրությունները՝ մայիսի 25-ին: Մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Վիտալի Կլիչկոն՝ հավաքելով ձայների 57 %-ը: Ըստ օրենքի՝ պետական ծառայողը չի կարող միաժամանակ կատարել պատգամավորի գործառույթներ:

УДАР կուսակցությունը նույնպես առաջին տեղն է զբաղեցրել ընտրությունների արդյունքներով՝ ստանալով ընտրողների ձայների 40 %-ը, և այժմ քաղաքային խորհրդում մեծամասնություն կկազմի:

Այսօր տեղի է ունեցել Կիևի քաղաքային խորհրդի առաջին նիստը, որտեղ Վիտալի Կլիչկոն պաշտոնապես ստանձնել է քաղաքապետի պարտականությունները: Ելույթ ունենալով քաղխորհրդի նորընտիր կազմի առջև՝ նա, մասնավորապես, ասել է. «Այսօր մենք կերտում ենք նոր երկիր՝ ազատ քաղաքացիների երկիր: Փոփոխությունները երկրում սկսվելու են մայրաքաղաք Կիևից»:  Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տիբեթ. Միջազգային կամպանիա՝ հանուն լայն ինքնավարության’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Առաջին հերթին անհրաժեշտ է իշխանափոխություն (Տեսանյութ)’