‘ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայազգի գերի Հակոբ Ինջիղուլյանին’

958

PanARMENIAN.Net-ը փոխանցում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին: Ինչպես հայտնում է ադրբեջանական «АПА»-ն, այդ մասին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ալհա Գուսեյնովան: Ըստ նրա, այցելությունը տեղի է ունեցել այսօր: Կոմիտեի միջոցով գերին ու նրա ընտանիքը տեղեկություններ են ստացել միմյանց մասին: Ավելի վաղ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Դենիս Դյուրանը հայտարարել էր, որ «ԿԽՄԿ-ն շարունակում է անմիջական և գաղտնի բանակցությունները ադրբեջանական իշխանությունների հետ հայ զինծառայողի վերաբերյալ»:

Օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, ըստ նախնական տվյալների` չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում:

Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան:

Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ է արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով:

Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

 

Նախորդ հոդվածը‘Microsoft-ը կանխատեսում է ստեղնաշարի մահը’
Հաջորդ հոդվածը‘Իրանում խստացրել են իսլամական դրես-կոդը խախտող կանանց հետապնդումը’