‘Կոնգրեսը կողմ է համաձայնագրերից մեկին, բայց չի քվեարկի. Տեսանյութ’

1198

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը այսօր ԱԺ արտահերթ նիստում  ներկայացրեց նաեւ «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը: Ներկայացնելով Հայ ազգային Կոնգրես խմբակցության տեսակետը՝  Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ ներկայացված համաձայնագրում, ի տարբերություն նախորդների, նպաստավոր հիմք է ստեղծված Ռուսաստանի հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության համար:

«Այս փաստաթղթում կան բազմաթիվ դրական դրույթներ: Մենք կարեւորում ենք ՌԴ-ի հետ մեր բարիդրացիական հարաբերությունները, եւ այս փաստաթղթում կան բազմաթիվ հոդվածներ, որոնք նպաստավոր հիմք են ստեղծում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Սա ներկայացված փաստաթղթերից միակն է, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը հանդես են գալիս որպես իրավահավասար գործընկերներ եւ որտեղ խոսք է գնում նորմալ, փոխշահավետ գործակցության մասին: Եթե այդպիսի հնարավոր լիներ, որ Հայաստանը ընդուներ միայն այս փաստաթուղթը եւ հրաժարվեր մյուս համաձայնագրերից, կարելի էր օգտվել դրանից եւ մենք կողմ կքվեարկեինք: Բայց քանի որ, ըստ էության, գործ ունենք ԱԺ բերված ամբողջական փաթեթի հետ, մենք կոնկրետ այս համաձայնագրի պարագայում զերծ կմնանք քվեարկությունից»,- նշեց Զուրաբյանը:  

Նախորդ հոդվածը‘ Կոնգրեսը, ՀՅԴ-ն եւ Ժառանգությունը դեմ կքվեարկեն գազային համաձայնագրերին, ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը’
Հաջորդ հոդվածը‘Հալեպի մեկշաբաթյա ռմբակոծության արդյունքում կան հարյուրավոր զոհեր’