‘Կոնգրեսի վարչությունը հավանություն է տվել առաջիկա քաղաքական գործողությունների ծրագրին’

1481

Սեպտեմբերի 6-ին կայացել է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության նիստը: Կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ նիստի օրակարգում երեք հարց էր ներառված:

«Նախ, հաստատվեցին երկու նոր հանձնաժողովների նախագահները՝ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահան Վարդապետյանը, իսկ քաղաքացիական խմբերի ու նախաձեռնությունների հետ աշխատանքների համակարգման հանձնաժողովի նախագահ՝ Սարգիս Թամազյանը», — տեղեկացրեց մեր զրուցակիցը: Սամվել Աբրահամյանը նշեց նաեւ, որ հաստատվել են այդ երկու հանձնաժողովների ծրագրերը:

Նրա խոսքով, նիստի ընթացքում Ավետիս Ավագյանը ներկայացրեց ամռան ընթացքում տարածքային կառույցներում կայացած ժողովների եւ հանդիպումների մասին հաղորդում, որտեղ քննարկումների հիմնական թեման է եղել աշնանը սպասվող գործընթացներին կուսակցության մասնակցությունը եւ տարածքային կառույցների մասնակցությունը դրանց:

Վարչության նիստի ընթացքում կուսակցության փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը ներկայացրել են առաջիկա քաղաքական գործընթացներին կուսակցության մասնակցության ծրագիրը, այդ թվում՝ Քառյակի շրջանակներում նախատեսվող գործողությունները, հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների պլանը:

«Ներկայացվեցին եւ վարչության համաձայնությունը ստացան, մասնավորապես, համայնքներում իրազեկման գործընթացի կազմակերպումը, տարածքային կառույցների միջոցով մարզային հանդիպումների անցկացման հնարավորությունները: Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկայնը ներկայացրին նաեւ աշնանային նտաշրջանում ՀԱԿ խմբակցության աշխատանքայն ծրագիրը, որը հավանության արժանացավ վարչության կողմից», — եզրափակեց Կոնգրեսի գործադիր քարտուղարը: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. ՀՀԿ-ականն պատգամավորների «առաջին դասը» ‘
Հաջորդ հոդվածը‘Իսպանիա-Մակեդոնիա. Խաղից առաջ’