‘Կոնֆեդերացիաների գավաթ. հետևություններ խմբային փուլից հետո’

1009

Բրազիլիայում ավարտվեց Կոնֆեդերացիաների գավաթի խմբային փուլը, և ամեն ինչ դեռևս այնպես է ընթանում, ինչպես սպասվում էր: Կիսաեզրափակիչում կհանդիպեն ֆուտբոլային երկու ամենահզոր աշխարհամասերի ներկայացուցիչները` Բրազիլիա — Ուրուգվայ և Իտալիա — Իսպանիա: Հանդիպումները տեղի կունենան հունիսի 26-ին և 27-ին, իսկ մինչ այդ անդրադառնանք խմբային փուլին: Ուրուգվայցիները, չնայած ոչ լավ մարզավիճակին, կարողացան հաղթահարել համեմատաբար հեշտ խումբը, ճապոնացիները, լավ խաղ ցուցադրելով` ոչ մի միավոր չվաստակեցին: Թաիթիի ելույթներն էլ լրջորեն վերլուծելը շատ բարդ կլինի, և նիգերացիների դարպասը ուղարկած գոլն արդեն իսկ մեծ հաղթանակ էր նրանց համար: Իսկ մրցաշարի ֆավորիտ հավաքականների խաղային գլխավոր խնդիրների և ձեռքբերումների մասին խոսենք հաջորդիվ:

Բրազիլացիներն անհույս չեն, հատկապես՝ այսպիսի Նեյմարով

«Բրազիլացիները միշտ ֆավորիտ են» արտահայտությունը վաղուց արդեն ապրել է իր ժամանակաշրջանը և այժմ վերածվել է սոսկ արտահայտության: 2010-ի ԱԱ-ն ձախողելուց հետո գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց Մանո Մենեզեշը, ով այդպես էլ ընդգծված զարգացման ուղի չկարողացավ գտնել երիտասարդ հավաքականի համար, և բրազիլացիները փրկության կանչեցին Լուիս Ֆելիպե Սկոլարիին: Եվ Սկոլարին պետք է որևէ հրաշքով նվաճի սեփական հարկի տակ անցկացվելիք ԱԱ 2014-ը: Հատկանշական է, որ հենց իրենք բրազիլացիները սկսել են գիտակցել, որ միայն հրաշքը կօգնի նրանց նվաճել ԱԱ 2014-ի գավաթը: «Մեծ Ֆիլը» այդքան էլ հաջող չմեկնարկեց՝ 10 տարի հետո ազգային հավաքականի ղեկին վերադառնալուց հետո: Անգլիացիներից կրած 2-1 հաշվով պարտությունը բրազիլական մամուլն ընդունեց որպես երազանքներից հրաժարվելու վերջին նախազգուշացում:

Կոնֆեդերացիայի գավաթում բրազիլացիների գլխավոր ցանկությունն է՝ տեսնել իրենց թիմին իտալացիների և իսպանացիների դեմ, որպեսզի համոզվեն իրենց վատ կանխազգացումները: Բայց Սկոլարիի թիմը բոլորովին այլ տեսք ունի: Եվ եթե ճապոնացիների և մեքսիկացիների դեմ հաղթանակները կարելի էր վերագրել մրցակիցների կարգի տարբերությանը, ապա իտալացիների դեմ խաղը նոր հույսեր առաջացրեց «պենտակամպեոնների» երկրպագուների մոտ: Հատկապես իր հասուն խաղով աչքի է ընկնում Նեյմարը: «Բարսելոնայի» նոր խաղացողը մի փոքր հիշեցնում է 90-ականների ֆուտբոլային աստղերին, ովքեր այդքան էլ մեծ ներգրավվածություն չէին ունենում հանդիպումներում, բայց կարողանում էին որոշիչ դառնալ իրենց կարգի շնորհիվ: Անցկացրած 3 խաղերում էլ նա ճանաչվեց լավագույնը՝ իր գեղեցիկ գոլերի և փոխանցումների շնորհիվ, և այժմ հուսով է եզրափակչում խաղալ Բարսայի իր ապագա խաղընկերների դեմ: Կատալոնիայում Չավի, Ինյեստա, Մեսսի եռյակը նրան կօգնի դաշտում ավելի ազդեցիկ դառնալ գնդակով և ավելի պատրաստ ներկայանալ հաջորդ ամռանը տեղի ունենալիք Աշխարհի առաջնությանը:

Իտալացիների խնդիրները պաշտպանությունում

Պրանդելլիի թիմի մասնակցությամբ երկու հանդիպումները՝ ճապոնիայի և Բրազիլիայի դեմ, կարելի է մրցաշարի ամենահետաքրքիրներն ու դրամատիկները համարել, բայց խնդիրն այն է, որ «Սկուադրա աձուրան» երբեք այսպիսին չի ցանկացել լինել: Խմբային փուլում անցկացրած 3 խաղում իտալացիները բաց թողեցին 8 գնդակ, ինչը չափազանց մեծ թիվ է մի թիմի համար, որտեղ խաղում են Բուֆոնը, Կյելինին և Բարձալյին: Բրազիլիայի դեմ խաղում, իհարկե, զգացվում էր Պիրլոյի և Դե Ռոսսիի բացակայությունը: Բացի դրանից՝ իտալացիները բողոքում են մրցավարությունից և համարում, որ բաց թողած գնդակներում մեղքի մեծ բաժին ուներ Բուֆոնը, բայց միևնույն է՝ դրանք համոզիչ պատճառաբանություններ չեն բաց թողած 8 գնդակների համար:

Միգուցե արժե, որ Պրանդելին մտորի «4-3-3-ից» հրաժարվելու եւ նորից «3-5-2-ի» անցնելկու, կամ Դե Ռոսսիին նորից որպես պաշտպան օգտագործելու մասին, որպեսզի թիմն անցյալ Եվրո 2012-ի տեսքը ձեռք բերի: Առջևում իսպանացիների դեմ կիսաեզրափակիչն է, և այդ հանդիպումը, ինչպես Բալոտելին է նշում, նրանք ընկալում են որպես անցյալ Եվրոյի եզրափակչում 4-0-ի «ռևանշի» հնարավորություն: Ափսոս միայն, որ Բալոտելին վնասվածքի պատճառով բաց կթողնի հանդիպումը, և բոլորի հույսը կրկին միայն Պիրլոյի միտքն է լինելու:

Իսպանացիները շարունակում են հաղթանակի քաղց զգալ

Եթե Եվրո 2012-ի ընթացքում և ապա՝ ԱԱ 2014-ի ընտրական խմբում խաղերից հետո խոսում էին իսպանացիների ձանձրալի ֆուտբոլի և շրջափուլի ավարտի մասին, ապա հիմա Բրազիլիայում նրանց ծափահարում են, իսկ Ինյեստային տեղացիները համարում են բրազիլացի:  Իսպանացիներն իրոք ցանկանում են նվաճել միակ մրցանակը, որը չեն նվաճել 2008-ից հետո՝ Կոնֆեդերացիաների գավաթը: Իսպանացիների քաղցած տեսքին նպաստում է նաև կազմի ռոտացիան: Դել Բոսկեն երեք խաղերում էլ փոխեց դարպասապահներին, հնարավորություն տվեց խաղալու Խավի Մարտինեսին, իսկ առջևում սկսել է խաղալ մաքուր «9-ը» համարով: Այս ամենը նպաստում է, որպեսզի Վիլյան և Տորեսը դաշտ դուրս գալուն պես գոլ փնտրեն, քանի որ որքան էլ  Սոլդադոն հաճախ է վրիպում հարմար դիրքերից, միևնույն է՝ այս պահին Դել Բոսկեի առաջին ընտրությունը նա է: 2014-ին, անկախ արդյունքից, հավաքականի կազմից կհեռանան Կասիլյասը, Պույոլը, Չավին և, հնարավոր է՝ նաև Դավիդ Վիլյան: Դե Խեան, Բարտրան, Տյագո Ալկանտարան ու Իսկոն պատրաստ են փոխարինել լեգենդներին, որոնք պատրաստ են և ամեն ինչ կանեն իրենց երկրորդ աշխարհի գավաթը նվաճելու համար:

 

Նախորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանը դեռ դուրս չի գրվել’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվա-Հավանա չվերթի ինքնաթիռում Սնոուդենը չկա’