‘Կոշտ բանավեճ՝ Նյու Յորքում անցկացվելիք փրայմերիզից առաջ’

1525

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդներ Հիլարի Քլինթոնը և Բեռնի Սանդերսը վերջին բանավեճն են անցկացրել Նյու Յորքում առաջիկա երեքշաբթի անցկացվելիք փրայմերիզից առաջ:

Նյույորքյան քվեարկության արդյունքները կարող են վճռորոշ լինել ԱՄՆ նախագահի պաշտոնում դեմոկրատ թեկնածուի ընտրության հարցում:

Բանավեճը չափազանց հուզական է ստացվել, թեկնածուներն անազնվության և անիրազեկության մեղադրանքներ են ներկայացրել միմյանց:

Մասնավորապես՝ Սանդերսը կասկած է հայտնել Քլինթոնի փորձառության և հուսալիության վերաբերյալ և որպես օրինակ՝ հիշեցրել է, որ նա պաշտպանել է պատերազմն Իրաքում և ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրերը: Նա Քլինթոնին անվանել է «անազնիվ քաղաքական և տնտեսական համակարգի մի մասը»: Իր հերթին՝ Քլինթոնը Սանդերսին մեղադրել է այն բանի համար, որ նա փորձում էր պաշտպանել զենք արտադրողներին և դեմ էր զենքի շրջանառության կրճատմանը:

Վերջին հինգ շաբաթվա ընթացքում սա դեմոկրատների առաջին բանավեճն էր: Առայժմ նախընտրական քարոզարշավում առաջատարը Հիլարի Քլինթոնն է. նա ստացել է 1289 պատվիրակների աջակցությունը, իսկ Սանդերսը՝ 1038-ի: Բացի այդ՝ Քլինթոնին աջակցում են նաև, այսպես կոչված՝ սուպերպատվիրակները՝ գործող սենատորները, նահանգապետերը և այլ պաշտոնատար անձինք, որոնք կարող են քվեարկել՝ ում ուզեն: Նրանց ևս հաշվելու դեպքում Քլինթոնի աջակիցների թիվը կազմում է 1758 մարդ, Սանդերսինը՝ 1069:

Դեմոկրատական կուսակցության թեկնածուն դառնալու համար հարկավոր է հավաքել 2383 ձայն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘iLur.am-ի գործը ԱՄՆ Պետդեպի զեկույցում’
Հաջորդ հոդվածը‘Կազանում փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել’