‘iLur.am-ի գործը ԱՄՆ Պետդեպի զեկույցում’

2550

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, 2015 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի նախաբանում Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հիշեցնում է Հայաստանի նախագահի և Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ դիտորդների արձանագրած ընտրախախտումները, ապա նշում. — «Մարդու իրավունքների հետ կապված առավել լուրջ խնդիրները տարվա ընթացքում եղել են իշխանությունը պահող Հանրապետական կուսակցության քաղաքական էլիտայի պաշտոնյաների՝ տնտեսական և քաղաքական իշխանության կիրառումը աջակիցների հարստացման նպատակով, իրավապահների և արդարադատության համակարգի կոռուպցիան, արդարադատության համակարգի անկախության սահմանափակումը»:
«Իշխանությունները չեն կալանավորել որևէ մեկին՝ 2008 թվականի բախումների հետևանքով 10 մարդկանց սպանության համար», — նկատել են պետքարտուղարության զեկույցի հեղինակները:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կապակցությամբ զեկույցում նշված է․ — «Դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումների ժամանակ տեղական և միջազգային դիտորդները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և լրագրողները հաղորդել են ընտրախախտումների բազմաթիվ տեսակների մասին, ներառյալ՝ վարչական ռեսուրսի կիրառում, բազմակի քվեարկություն, լցոնում և պաշտոնյաների՝ հանձնաժողովների անդամներին ու դիտորդներին ահաբեկում»:
Քաղաքական ազատությունների վերաբերյալ հատվածում է «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելու պատմությունը:
Հիշատակվում են Սահմանադրության փոփոխություններին ընդդիմացող կուսակցությունների հանրահավաքները, ապա զեկույցի հեղինակները նշում են․ — «Սերժ Սարգսյանը, որը նաև իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդն է, հրապարակավ սաստեց Գագիկ Ծառուկյանին, դա հեռարձակվեց Հանրային հեռուստատեսությամբ, նրան հեռացրեց Ազգային անվտանգության խորհրդից՝ պաշտոնյաներին հանձնարարելով ստուգել դժգոհությունները նախկինում նրա կատարած հանցագործությունների, հարկերից խուսափելու վերաբերյալ, և ակնարկեց, որ նա կարող է հեռացվել Ազգային ժողովից»:
Քաղաքական կարծիքի ազատության ոտնահարման օրինակների շարքում պետքարտուղարությունը վկայակոչել է Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանի վրա տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով Արշակ Այվազյանը դատապարտվեց մեկ ամսվա ազատազրկման:
Զեկույցում հիշատակված են լրագրող Հրայր Մանուկյանի պնդումներն ու ձայնագրության հրապարակումը, որի միջոցով նա հայտարարում էր, որ իրեն հավաքագրելու փորձ է կատարել նախկինում ԱԱԾ աշխատակից, ներկայումս՝ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
Պետքարտուղարության ամենամյա զեկույցում տեղ է գտել նաև պատգամավոր Առաքել Մովսիսյանի սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունը՝ կապված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա կնոջ մասին հրապարակումների հեղինակների գլուխները կտրելու, նրանց հայտնաբերելու դեպքում՝ բռնաբարելու մասին հայտարարությունների հետ:
Զեկույցում նաև ներառված են «բանակում ոչ մարտական պայմաններում կասկածելի մահերը, զինակոչիկների նկատմամբ սպաների վատ վերաբերմունքը, որոնց համար նրանք պատասխանատվության չեն ենթարկվել»: Կոռուպցիայի մասին անդրադառնալիս` զեկույցում նշվում է, որ «կոռուպցիան, օրենքի ընտրողաբար կիրառումը և ազդեցիկ պաշտոնյաների անպատժելիությունը և դրանց հետ կապված հանգամանքները խնդիր են եղել:
Խոսքի ազատության գնահատականն ամփոփված է հետևյալ ձևակերպման մեջ. — «Զանգվածային լրատվամիջոցներում բացակայում է քաղաքական բազմակարծությունը, և շատ դեպքերում արտահայտվում է կառավարության տեսակետը: Ինքնագրաքննությունը խնդիր է»: Հիշատակվել է Բաղրամյանի ամառային ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից լրագրողների թիրախավորումը:
Զեկույցում նշված է iLur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ հարուցված գործը, որը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի նամակից հետո կարճվեց:

Մանրամաները` Ազատություն ռադիոկայանի կայքում: 

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը’
Հաջորդ հոդվածը‘Կոշտ բանավեճ՝ Նյու Յորքում անցկացվելիք փրայմերիզից առաջ’