Կոչեր են հնչում՝ զինել Ուկրաինան՝ պարտիզանական պատերազմ մղելու համար

406

Վերջին օրերս արդեն բազմիցս նման կոչեր են հնչել, և հինգշաբթի օրը, ամենայն հավանականությամբ, ևս նման մի կոչ կհնչի․ այս անգամ Եվրամիության երկրների առաջնորդները գագաթնաժողովի կհավաքվեն և Ռուսաստանին կնախազգուշացնեն «բարձր գնի» մասին՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում։

Արևմտյան երկրները տագնապով են հետևում ռուսաստանյան զորքերի և տեխնիկայի  կուտակումներին Ուկրաինայի սահմանի մոտ։ Ամերիկյան և բրիտանական հետախուզությունների կարծիքով՝  դա կարող է հարևան երկիր ներխուժելու նախապատրաստություն լինել, հնարավոր է՝ եկող տարվա սկզբին։

Ռուսաստանը հերքում է ագրեսիվ մտադրությունները, բայց միևնույն ժամանակ անցած շաբաթվա վերջին ՆԱՏՕ-ին  անկարելի և միանգամից մերժված պահանջ է ներկայացրել՝ ետ կանչել Վրաստանը և Ուկրաինան դաշինքի մեջ ներգրավելու խոստումը։

Նախօրեին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը շեշտել է․ «Եթե Ռուսաստանն ագրեսքիվ քայլեր ձեռնարկի Ուկրաինայի դեմ, կորուստները ծանր կլինեն, իսկ հետևանքները՝ շատ լուրջ»։

Ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ուկրաինացի զորավարները խոստովանել են, որ ուկրաինական բանակն այսօր օբյեկտիվորեն ավելի ուժեղ է, քան 2014 թվականին էր, այնուամենայնիվ, ռուսաստանյան բանակի զորությանը այն չի կարող դիմակայել և կջախջախվի։

«Բայց ամեն ինչ կորած չէ, — գրում է Washington Post-ի լրագրողը։- Ուկրաինացի պատրիոտները կարող են ռուսաստանյան օկուպացիայի դեմ պայքարել որպես պարտիզաններ»։ Նա հիշեցրել է, որ «Ուկրաինայի ապստամբական բանակը» Ուկրաինայի արևմուտքում խորհրդային զորքերի դեմ մարտնչել է ընդհուպ մինչև 50-ական թթ․, ընդ որում՝ առանց դրսից օգնություն ստանալու։ Իսկ արտաքին օգնությունը պարտիզանական պատերազմի հաջողության գուցե ամենագլխավոր գործոնն է։ Աֆղանստանում պարտիզանական շարժումն այդպիսի օգնություն ստանում էր դրսից, և Խորհրդային Միությունն այդպես էլ չկարողացավ դրա դեմ ոչինչ անել, ընդ որում՝ Ուկրաինայի բնակչությունը ավելի շատ է, քան Աֆղանստանինը 80-ական թթ․, գրում է Washington Post-ի մեկնաբանը, ապա ամփոփում․

«Ուկրաինայի կառավարությունը հիմա արդեն պետք է զենք բաժանի և ամերիկյան ու արևմուտքի այլ ռազմական խորհրդականների օգնությամբ անձնակազմին ուսուցանի՝ ինչպես պարտիզանական պատերազմ մղել։ Վլադիմիր Զելենսկու կառավարությունը նույնիսկ պետք է պահեստներ, թունելներ ու բունկերներ պատրաստի անտառային վայրերում, հատկապես Կարպատյան լեռներում։ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ՆԱՏՕ-ում պետք է Կրեմլին հասկացնեն, որ ռուսաստանյան օկուպացիայի դեպքում իրենք կշարունակեն ազատության համար մարտնչող ուկրաինացի զինվորներին ապահովել հզոր զենքով, այդ թվում հակատանկային «Ջավելին» և զենիթային «Սթինգեր» հրթիռներով»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲելառուսի իշխանություններն ընդդիմադիրներին որոնում են Ինտերպոլով
Հաջորդ հոդվածըԻսկ 4000 հոգու զոհաբերելու իրավունքը վաստակե՞լ էիք․ ՉԻ