‘Կոչ ԵՄ և ԵԱՀԿ պատվիրակություններին. Դադարեցրե՛ք սնուցել կոռուպցիան և պետական տեռորը’

1251

Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի խումբ քաղաքացիներ նախաձեռնել են «Դադարեցրե՛ք ֆինանսավորել պետական տեռորը» անունը կրող միջոցառում, որի շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 25-ին ԵՄ և ԵԱՀԿ պատվիրաություններին հանձնվելու են նամակներ, որոնք բաց են բոլոր անհատների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնույթյունների և քաղաքական կուսակցությունների ստորագրությունների համար:

Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ բարձր են գնահատում ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային ու օտարերկրյա կառույցների մեծածավալ աշխատանքը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ձևավորման և կայացման համար: Սակայն վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են, որ Հայաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական միջոցները ոչ թե նպաստում են այդ հաստատությունների կայացմանը, այլ ընդհակառակը՝ օգտագործվում են կոռումպացված համակարգի ամրապնդման, պետական ահաբեկչությունը հովանավորելու և ոստիկանության համար հատուկ միջոցներ ձեռք բերելու համար:

«Մենք գտնում ենք, որ բռնությունների դադարեցմանը և մեղավորների պատժմանը հնարավոր է հասնել միայն համակարգի կայունությունն ու բարեկեցությունն ապահովող միջազգային ֆինանսական ներհոսքերը ժամանակավորապես դադարեցնելու ճանապարհով:

Հետևապես, կից նամակներով ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սոկոլովին հորդորում ենք միջոցներ ձեռնարկել կասեցնելու համար լավ կառավարման և ժողովրդավարական հաստատությունների զարգացման նպատակով իրենց ղեկավարած կառույցների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող ֆինանսական բոլոր հատկացումները, քանի դեռ՝

1. ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի ազատվել իր զբաղեցրած պաշտոնից,

2. փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի նկատմամբ չի հարուցվել քրեական հետապնդում,

3.  ՀՀ գլխավոր դատախազը Ազգային ժողովում հանդես չի եկել իշխող Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Առաքել Մովսիսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նախաձեռնությամբ՝ իր վարորդի կողմից կատարված արարքին հանցակցության համար»,- նշում են միջոցառման կազմակերպիչները:

Հրապարակվել է նաև նամակի տեքստը, որի բովանդակությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Շեքսպիրի «Համլետը»’
Հաջորդ հոդվածը‘Գորիկ Հակոբյանը չի ուզում, որ իշխանություններին ուժով հեռացնեն’