‘Կոստանյանն օմբուդսմենին առաջարկում է դատական անօրինությունների մասին կոնկրետ փաստեր ներկայացնել’

936

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ուղղված նամակով առաջարկում է առնվազն մեկ փաստ ներկայացնել` հիմնավորելու դատական համակարգին վերաբերող օմբուդսմենի վերջին զեկույցում տեղ գտած եզրահանգումները:

«Զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները և եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Զեկույցը, անկասկած, հարցեր և ակնկալիքներ է առաջացնելու նաև լայն հասարակության շրջանում», — նշում է գլխավոր դատախազը` հավելելով, որ դատախազությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում «պարտավոր և պատրաստակամ է քրեական գործ հարուցել օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում»:   

Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Ձեր զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ: Առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ Ձեր զեկույցում բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերևույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ Ձեր զեկույցում ներկայացված եզրահանգումները հիմնավորող առնվազն մեկ փաստ փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված պատշաճ ընթացքն ապահովելու համար», — ասվում է գլխավոր դատախազի նամակում, որը iLur.am-ին է փոխանցել դատախազության լրատվական ծառայությունը:

Ընդ որում՝ Գեւորգ Կոստանյանը նշում է, որ անօրինականությունների վերաբերյալ փաստեր ներկայացնող անձանց համար օրենսդրությամբ նախատեսված պաշտպանություն կիրականացվի:

Հիշեցնենք, որ օրերս ՄԻՊ գրասենյակի` արդար դատաքննությանը նվիրված արտահերթ զեկույցը ներկայացնելիս Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը հայտարարել էր, որ դատարաններում կաշառքի գինը հասնում է մինչեւ 50 հազար դոլարի: 

Նախորդ հոդվածը‘Լիբանանի կառավարությունը Մեծ Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ նամականիշ կթողարկի’
Հաջորդ հոդվածը‘ՍԾՏՀ նախարարների խորհրդի նստաշրջանը տեղի կունենա վաղը` Երեւանում’