Կորեական հեռուստաալիքը ներողություն է խնդրել օլիմպիական սկզբունքները խախտելու համար

436

Հարավկորեական MBC հեռուստաալիքը ստիպված է եղել ներողություն խնդրել իր դրսևորած անտակտության համար՝ այն բանից հետո, երբ բազմաթիվ բողոքներ է ստացել հեռուստադիտողներից, որոնք Տոկիոյում Օլիմպիադայի մասնակից երկրներին ներկայացնող «խորհրդանիշները» վիրավորական ու անհեթեթ են համարել։

Տոկիոյից ուղիղ հեռարձակման ժամանակ, երբ հերթական օլիմպիական հավաքականն է մտել մարզադաշտ, էկրանին հայտնվել է մի պատկեր, որը, հեռուստաալիքի աշխատողների կարծիքով, խորհրդանշում է այդ երկիրը։

Սուշին, պիցցան և սաղմոնը՝ որպես, համապատասխանաբար՝ Ճապոնիայի, Իտալիայի և Նորվեգիայի խորհրդանշաններ՝ դեռ բավական կանխատեսելի էին։ Բայց, օրինակ, Ռումինիան մարմնավորում էր կոմս Դրակուլան՝ իր ժանիքներով, Չադ Հանրապետությունը՝ սև սիրտը, որովհետև այդ պետությունը Աֆրիկայի սրտում է գտնվում, Ուկրաինան՝ Չեռնոբիլյան սարկոֆագը։

Բացի այդ նկարներից, հանդիսատեսներին զարմացրել էին նաև դրանց ուղեկցող մակագրությունները։ Սիրիան անվանել են «երկիր, որտեղ տասը տարի քաղաքացիական պատերազմ է ընթանում», Հաիթին՝ «երկիր, որտեղ սպանել են նախագահին», Մարշալյան կղզիները՝ «ԱՄՆ-ի նախկին միջուկային հրաձգարանը» և այլն։

Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Պակ Սուն Հին երկուշաբթի մամուլի ասուլիսում ներողություն է խնդրել՝ տեղի ունեցածն անվանելով անթույլատրելի սխալ և բարեկամության, համերաշխության և ներդաշնակության օլիմպիական սկզբունքների կոպիտ խախտում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 180 նոր դեպք, 112 առողջացած, 7 մահ
Հաջորդ հոդվածըԹրամփը նշել է, թե ինչ դեր են ունեցել դեմոկրատները Կապիտոլիումի գրոհի հարցում