‘Կուսակցությունները հանդես կգան միասնաբար` ԼՂՀ միջազգային ճանաչումը հասունացնելու նպատակով ‘

999

Ղարաբաղում կայացած «ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» հայկական միջկուսակցական ֆորումի մասնակիցներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ: Հիշեցնենք, որ ֆորումին մասնակցում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի խորհրդարանական կուսակցություններ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Մենք` Ստեփանակերտում անցկացված «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում»  առաջին ֆորումի մասնակիցներս, կարևորելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների քաղաքական կուսակցությունների համագործակցությունը և պարբերական շփումները երկու պետությունների կապերի սերտացման և փոխադարձ ինտեգրման, քաղաքական համակարգի զարգացման, համահայկական նշանակության, այդ թվում` ԼՂՀ միջազգային ճանաչման հարցերում, քննարկելով մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարները, ընդհանուր խնդիրները, տարածաշրջանում և երկու հանրապետություններում առկա իրավիճակը, կարևորեցինք.

1. Տեղեկատվական հասարակության դարաշրջանում նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը` կուսակցությունների ծրագրերը, գործունեությունը հասարակություններին իրազեկելու, Հայաստանի և Արցախի միջեւ համապարփակ տեղեկատվական փոխանակություն ապահովելու և այն միջազգային հանրությանը ներկայացնելու գործում,

2. Կուսակցությունների հետագա զարգացման համար պետական աջակցության ավելացումը, ինչն ավելի երաշխավորված  կդարձնի հետևողական գործունեությունը` առաջադրված խնդիրները լուծելու և շոշափելի արդյունքներ ձեռք բերելու,

3. Երկու պետություններում քաղաքացիական հասարակության կայացումը, պետություն-քաղաքացիական հասարակություն առողջ համագործակցությունը և նրա ներուժի օգտագործումը` միջազգային ձևաչափերում Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների անվտանգության խնդիրները և շահերը ներկայացնելու նպատակով,

4. Արցախի և Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցների փոխգործակցության ձևաչափերի ձևավորումը,

5. Արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցությունների խոր համագործակցությունը` ԼՂՀ համար ռազմավարական նշանակության հարցերն իրենց հասու խողովակներով և ինստիտուտներով միջազգային ատյաններում բարձրացնելու, առավելագույնս միասնաբար կամ փոխպայմանավորված հանդես գալու՝ ԼՂՀ միջազգային ճանաչումը հասունացնելու նպատակով,

6. Արցախում ժողովրդավարական գործընթացների խորացումը, տարիների ընթացքում ընտրությունների որակի էական բարելավումը և բարեփոխումների շարունակականությունը` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքական համակարգ կառուցելու նպատակով:

Ֆորումի մասնակիցները որոշեցին պարբերական դարձնել նման միջոցառումների անցկացումը Արցախի Հանրապետությունում:

ք. Ստեփանակերտ

 

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

«Ազատ Հայրենիք» կուսակցություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Արցախի ժողովրդավարական կուսակցություն

«Օրինաց Երկիր» կուսակցություն

Հայ Հեղափոխական Դաշնակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

ՀՅԴ Արցախի կառույց

Նախորդ հոդվածը‘Բաքվի առևտրի կենտրոններից մեկում լուրջ վթար է տեղի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Սումգայիթի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել (տեսանյութ)’