Հաագայի դատախազն այցելել է Խարկով

429

Անցյալ տարի Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազի պաշտոնում նշանակված բրիտանացի փաստաբան Քարիմ Խանը երեքշաբթի ժամանել է Խարկով, որպեսզի անձամբ գնահատի պատերազմի ընթացքում քաղաքին հասցված վնասը։

Այցի ընթացքում Խանը եղել է կառավարական շենքերին և բնակելի թաղամասերից մեկին հասցված ավիահարվածների վայրերում։

BBC-ի այն հարցին, թե արդյո՞ք Հաագայի դատարանը մտադիր է հետապնդել ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներին և զինվորականներին, Խանը պատասխանել է, որ դատարանն այժմ զբաղվում է ապացուցողական բազայի հավաքագրմամբ, որոնց գնահատման արդյունքում էլ մեղադրանքներ կառաջադրվեն։

«Զինված հակամարտության ընթացքում յուրաքանչյուրի վրա, ով զենք է կրում, ով իշխանություն ունի, որոշակի պատասխանատվություն է ընկնում,- հայտարարել է դատախազը։- Ոչ մեկին չի թույլատրվում անպատիժ կերպով անել այն, ինչ խելքին փչում է»։

Ըստ նրա՝ դատարանը «կքննի բոլոր կողմերի պատասխանատվությունը», այնպես որ մեղադրանքներ կարող են առաջադրվել նաև ուկրաինացի զինվորականներին։

«Եթե մարդիկ սպանվել են, մենք պետք է իմանաք՝ ով է նրանց սպանել։ Եթե շենքերը վնասվել են, պետք է իմանանք՝ ով է վնասել։ Եվ արդյո՞ք դա արդարացվում է ռազմական անհրաժեշտությամբ, և համաչա՞փ է առաջադրված նպատակներին»,- հավելել է Խանը։

Այսօրվա դրությամբ Ուկրաինայում ռազմական հանցագործությունների փաստերով գրեթե 16 հազար գործ է հարուցվել։ Տեղերում ուկրաինացի դատախազներին օգնում են տարբեր երկրների փորձագիտական խմբեր՝ Մեծ Բրիտանիայից, Լիտվայից, Սլովակիայից, Ֆրանսիայից։

Վաշինգտոնը, որ չի ստորագրել Հռոմի ստատուտը՝ ՄՔԴ-ի հիմնադիր փաստաթուղթը, իսկ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք էլ վիճել է Հաագայի հետ՝ Աֆղանստանում ԱՄՆ-ի ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննության պատճառով, այս հարցում Կիևին չի աջակցում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼույս է տեսել Դավիթ Մաթևոսյանի գիրքը
Հաջորդ հոդվածըԱՀԿ․ Կապիկի ծաղիկն անհանգստացնում է բժիշկներին, բայց Covid-19-ը շատ ավելի վտանգավոր է