‘Հակախմբագրական. Նրանք մեր լավն են ուզում, բայց մենք մեր լավը նրանց չենք տա ‘

2455

Ասում է` արտագաղթում եմ: Արտագաղթում եմ, որովհետև «հիասթափվել եմ, էսի երգիր չի, սաղ սուտ ա, ընդդիմությունը էդքան հույս տվեց, բան չարեց, բան չեղավ, ամեն ինչ քաղաքականացրին, հանգիստ պայքարում էինք մեզ համար՝ այս ու այն թեմայով, հիասթափվել եմ, էլ վե՛րջ, դրա համար գնում եմ»: Ասում է լրագրողին, դե էդ լրագրողին էլ ի՞նչ է պետք, հե՛նց նման մի բան, ու նոր ալիքը պատրաստ է: Նոր թեմա՝ մեդիադաշտում ու հասարակության շուրթերին: Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը, վերջապես՝ Սանասարը, Բաղդասարը, բոլորին խոսելու ու արդարանալու միջոց ու հնարավորություն են տալիս մի վերջին (գուցեև` առաջին) անգամ, որ գնալուց առաջ մուննաթ գան, հետո գնան:

Բայց այդ «մուննաթը» պետք է «ճիշտ» հասցեատեր ունենա, որպեսզի այդ խոսքերը եթեր գնան, թե չէ հենց այնպես հո տեսախցիկի մարտկոց չէին ծախսելու: Իշխանությունը բացել է թեժ ամռան սեզոնը` ամառային ակցիաներ` սպասվող թեժ աշնանն ընդառաջ: Բացարձակապես անվճար ակցիա: Կարգախոսներն ու գովազդային բովանդակությունն էլ ակցիայի այդ  հայտնի են:

«Հիասթափվա՞ծ եք, ցանկանում եք արտագաղթե՞լ: Հոգ չէ, Mishik.am-ները ձեզ անվճար հնարավորություն կտան գնալուց առաջ երկրի գլխին թափել ձեր վերջին մուննաթը: Օգտագործեք մուննաթ գալու ձեր սահմանադրական իրավունքը: Բայց սա դեռ ամենը չէ: Եթե դուք հենց հիմա, առաջիկա 1-2 օրվա ընթացքում միանաք մեր ակցիային, կստանաք բոնուս՝ երկրից անխոչընդոտ հեռանալու հնարավորություն: Մեծարգո Սաշիկն այդ ընթացքում ձեր ոչ մի լումային փայ չի մտնի, ոստիկաններն էլ ձեզ բաժին չեն տանի:

Պարզապես մի երկու կաթիլ մուննաթ էլ թափեք ընդդիմության երեսին, հայտարարեք, որ հիասթափված եք ընդդիմությունից, որ այն չի արդարացրել  ձեր սպասումները, և անհոգ ու անխոչընդոտ հեռացեք: Հեռացեք հեռավոր երկրներ, որտեղ չեն լինի Սաշիկներ ու Միշիկներ, Սերժիկներ, Էձիկներ, Հովիկներ, Սաքուլիկներ: Բաց մի թողեք այս աննախադեպ հնարավորությունը: Մեր հասցեն անփոփոխ է: Դիմեք Հայաստանի տարբեր քաղաքներում գործող Mishik.am-ների գրասենյակներից մեկը, և սիրալիր ժպիտով մեր աշխատակիցները կկարգավորեն բոլոր հարցերը: Գնա՛ք բարով, հայրենակիցներ ջան, որ չմնաք այստեղ ու հեղափոխություն չանեք:

Մենք մեր խոստման տերն ենք: Մենք ձեզ խոստացել էինք լավ երկիր, օրենքի իշխանություն, հավասարություն և սոցիալական ապահովություն: Եւ ահա, արդեն քանի տարի մենք տալիս ենք այդ հնարավորությունից օգտվելու բացառիկ իրավունք: Գերմանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Հոլանդիա, նույնիսկ Վրաստան, կամ մեկ այլ երկիր: Ընտրեք ցանկացած երկիր ու վայելեք «լավ» երկրում ապրելու ու աշխատելու բոլոր առավելությունները: Մեր ծառայությունները գործում են անխափան և շուրջօրյա: Մեր ծառայություններից վերջին տարիներին արդեն իսկ օգտվել են մի քանի հարյուր հազար քաղաքացիներ: Նրանք արդեն վայելում են իրենց բարեկեցիկ կյանքը հեռավոր ամերիկաներում, եվրոպաներում և ռուսաստաններում: Դուք էլ եղեք նրանցից մեկը: Մենք տալիս ենք այդ հնարավորությունը բոլորին: Բժիշկներ, գիտնականներ, նկարիչներ, երաժիշտներ, ասֆալտ փռողներ, նույնիսկ՝ լրագրողներ ու քաղաքական նախկին գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ: Նրանք գտել են իրենց երջանկությունը: Դո՛ւք էլ գտեք ձեր ամերիկյան երազանքը: Գնացե՛ք այստեղից: Սիրելի, շա՜տ սիրելի հայրենակիցներ: Մենք սիրում ենք բոլոր գնացածներին: Եւ հանկարծ մտքներովդ չանցնի չհիասթափվել, չհուսահատվել ու մնալ այստեղ: Մնալ այստեղ ու հեղափոխություն անել: Մենք ձեր լավն ենք ուզում: Ու չլինենք- չիմանանք, թե կասեք` դուք ձեր լավը մեզ չեք տա: Հա, ու մեկ էլ` մինչև աշուն, որ էս երկրում էլ ակտիվ մարդ չմնա: Կամ` քիչ մնա: Մենք ձեր շուրջօրյաների հավեսը չունենք»:

 

***

Գնա՞լ, թե՞` չգնալ: Այս է խնդիրը:

Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ:

Տանել գոռ բախտի պարսաքարերը և սլաքնե՞րը,
Թե՞ զենք վերցընել ցավ ու վիշտերի մի ծովի ընդդեմ,
Եվ դիմադրելով՝ վերջ տալ բոլորին:
Գնալ, հեռանալ, ոչինչ ավելի,
Եվ մտածել, թե մի հեռանալով` մենք վերջ ենք տալիս
Այն սրտացավին և բյուր բնական անձկություններին,
Որոնց ժառանգն է մեր հեգ մարմինը,
Մի վախճան է դա,՝ հոգով բաղձալի,
Գնալ, հեռանալ… գուցե երազել.
Ա՜յ, ցավն այդտեղ է, քանզի մեկնելու քընի ժամանակ
Ի՞նչ կերպ երազներ պիտի գան գուցե՝
Երբ այս «մահացու» կապանքը մեզնից թոթափած լինենք.
Ահա ինչ-որ մեզ խորհել պետք է տա. ա´յս նկատումն է,
Որ այսչափ երկար տևել է տալիս թշվառությունը:
Թե ոչ, ո՞վ արդյոք կուզեր հանդուրժել
Աշխարհի այնքան նախատինքներին և մտրակներին,
Հարստահարչի անիրավության,
Մեծամիտ մարդու արհամարհանքին,
Օրենքի բոլոր ձգձգումներին,
Պաշտոնյաների աներեսության,
Այն հարվածներին, որ համբերատար արժանավորը
Ստանում է միշտ անարժաններից,
Այնինչ՝ կարող էր մարդ իր հաշիվը իր ձեռքով փակել
Մի փոքրիկ ցույցով: Հինգ հազար դրամի փոքրիկ մերժումով:

Գնա՞լ, չգնա՞լ…

(համարյա c Համլետ, Ու. Շեքսպիր)

 Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Արարատում ոստիկանները ծեծել են երկու քաղաքացու. ՀՔԾ’
Հաջորդ հոդվածը‘Հայկական ակումբային ֆուտբոլի խայտառակություն. Բոլոր հայկական թիմերը դուրս մնացին Եվրոպայի լիգայի խաղարկությունից’