‘Հաղորդավարը ուղիղ եթերում խայտառակ է եղել՝ չճանաչելով օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնին. Տեսանյութ’

1071

Ամերիկյան WDSU հեռուստաընկերության հաղորդավարուհի Լատոնյա Նորտոնը անհարմար դրության մեջ է հայտնվել ուղիղ եթերում՝ չճանաչելով Նյու-Օռլեանի կիսամարաթոնի հաղթողին, որը հանրահայտ վազորդ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Մոհամեդ Ֆարահն էր:

Մրցումներից հետո Բրիտանիայի ներկայացուցիչ, ծագումով սոմալցի օլիմպիական չեմպիոնի հետ բլից հարցազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է, թե «արդյո՞ք նա նախկինում վազել է»:

Հարցը շփոթության մեջ է գցել մոլորակի ամենահայտնի մարզիկներից մեկին: Մտածելով, որ սխալ է հարցը հասկացել, Ֆարահը խնդրել է այն կրկնել: Նորտոնը նորից հարցրել է. «Դուք նախկինում վազե՞լ եք, թե՞ սա ձեր առաջին վազքատարածությունն էր»:

Ի պատիվ մարզիկ, նա անհարմար իրավիճակից արժանապատվորեն է դուրս եկել եւ մասամբ էլ փրկել հաղորդավարի համբավը: Չհիշատակելով իր նվաճումների մասին, Ֆարահը պատասխանել է, որ նախկինում էլ է վազել, սակայն Նյու-Օռլեանի մրցումներին իսկապես առաջին անգամ է մասնակցում:

Լրագրողը հաջորդ հարցն է տվել Ֆարահին, թե ինչ է անհրաժեշտ նման մարաթոններին մասնակցելու համար:

Մարզիկը պատասխանել է, որ լիարժեք մարաթոնների նա առայժմ չի մասնակցել, չնայած ապագայում դա չի բացառում: Սակայն նա մտադիր է կենտրոնանալ իր համար ավելի սովորական վազքատարածությունների վրա:

Մոհամեդ Ֆարահը 5000 մետր վազքատարածությունում աշխարհի գործող չեմպիոնն է: 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում նա չեմպիոն դարձավ 5000 եւ 10 000 մետր տարածություններում, նշում է The Daily Mail-ը:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանին ընդդիմացող տիկնոջը կապանցիները ճանապարհեցին սուլոցներով’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին’