‘Համաշխարհային բանկ. Կենսաթոշակային նոր համակարգը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ’

1183

Կենսաթոշակային նոր համակարգը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ: 168.am-ի փոխանցմամբ, կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ժամանակ նման տեսակետ է այսօր հայտնել  Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին: Ըստ նրա՝ կենսաթոշակային բարեփոխումները կբերեն ՀՀ քաղաքացիների եկամուտների ավելացման, կենսաթոշակառուների կենսաթոշակների ավելացման, տնտեսական շուկաների զարգացման, աղքատության նվազեցման: Հափին նաև նշել է, որ հաշվի առնելով կանխատեսումները, կենսաթոշակային համակարգի ադեկվատությունը կզգացվի ապագայում, բայց, իհարկե, ժամանակի ընթացքում որոշակի ճշգրտումների կարիք կլինի:

«Այս բարեփոխումների իրականացումը մեծ մարտահրավեր է հանդիսացել աշխարհի շատ երկրների համար: Դրական արդյունքներ են գրանցվել Հունգարիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռուսաստանում»,- ասել է նա:

Նշենք նաև, որ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կարծիքով էլ, կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանին և ԱՄՆ-ը աջակցելու է Կառավարությանը` կենսաթոշակային նոր համակարգ ձևավորելու հարցում:

Հիշեցնենք, որ համաժողովի ժամանակ դահլիճ էին ներխուժել «Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամները և խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքը: Համաժողովի կազմակերպիչները ժամկետից շուտ ավարտված համարեցին այն, սակայն ակտիվիստների հեռանալուց հետո համաժողովը շարունակվեց։

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում փնտրում են «կորած» Յանուկովիչին’
Հաջորդ հոդվածը‘Գերագույն ռադայի նախագահը և փոխնախագահը հրաժարական են տվել’