‘Համենայն դեպս՝ էլի՛ լավ է, որ «պետականորեն ելույթ ունենալիս հայերեն եք ելույթ ունենում»’

11784

«Չեմ կարող ասել, որ դա օրենքի խախտում է: Երբ մենք պետականորեն ելույթ ենք ունենում, համենայնդեպս, մենք հայերեն ենք ելույթ ունենում: Բայց մեր շփումների, դիալոգների ժամանակ մենք համենայնդեպս օգտագործում ենք այն լեզուները, որոնք իմանում ենք: Իրենք էլ՝ նույն ձեւ: Եթե դու գնում ես Եվրոպա, կամ եվրոպացիք գալիս են՝ անգլերեն ենք խոսոմ: ԵՏՄ-ի պայմանագրերում լեզվի հետ կապված որեւէ խնդիր չկա, որովհետեւ պայմանագրի ընդունման կողմերի բոլոր նորմատիվ փաստաթղթերը թարգմանվում են նաեւ հայերեն: Դրանք ունեն հավասար իրավաբանական ուժ, ինչ ռուսերեն գրված պայմանագրի դրույթները: Այսինքն՝ լեզվի հետ կապված որեւէ խնդիր չկա: Հիմա նայեք, մենք այստեղ շփվում ենք իրար հետ, որպեսզի սինխրոն թարգմանություն չանենք, պետական ծախսերը չավելացնենք, ավելի լավ չի՞ ռուսերեն շփվենք»:

Այս ընդարձակ մեջբերումը, ըստ «Առավոտի»՝ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի խոսքից է. այսպես է նա պատասխանել, երբ  հարց են տվել, թե ինչու է հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի նիստն անցկացվել ռուսերեն, և ավելին՝ նիստի օրակարգն անգամ կազմվել է միայն այդ օտար լեզվով:

Թումանյանն ասում էր՝ «բառը մի ամբողջ աշխարհ է»: Եթե առաջնորդվենք այս մտքով, ապա պ-ն Այվազյանի այս խոսքում մի ամբողջ «տիեզերք» կգտնենք:

Առաջարկում եմ մի քիչ ճամփորդել այդ «տիեզերքում»:

Ուրեմն՝ օրենսդիր պատգամավորը «չի կարող  ասել, որ դա օրենքի խախտում է»: (Ի դեպ, խոսքի նման կառուցվածքի դեպքում ենթադրվում է, առաջին հայացքից՝ դրա հակառակ կառուցվածքը նաև, որը, եթե անգամ իմաստով բացարձակապես նույնը չէ, համենայն դեպս՝ գրեթե նույն իմաստը կարող է արտահայտել: Այսինքն՝ «չեմ կարող ասել, որ դա օրենքի խախտում է» և «կարող եմ ասել, որ դա օրենքի խախտում չէ»  կառույցները գրեթե նույնական կամ մոտ իմաստ են արտահայտում): Եւ նա, թերևս, կվկայակոչի «Լեզվի մասին» ՀՀ օրենքի հ.4-ն, որն ասում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով»:

Ընդունենք, որ տվյալ դեպքում այդ «փոխադարձաբար ընդունելի լեզուն» ռուսերենն է, և այս հարցում օրենսդիր պատգամավորն արդարացի է, ու շարունակենք կարդալ օրենքի նույն հոդվածը, որի բ) կետը սահմանում է. «համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»:

Լավ, ենթադրենք՝ պ-ն Այվազյանը կարդացել է Լեզվի օրենքի հ.4-ի միայն սկիզբը ու չի հասցրել կարդալ այդ «բ» կետը, ու անցնենք առաջ: Մանավանդ որ «պետականորեն ելույթ ունենալիս» իրենք, «համանայն դեպս, հայերեն են ելույթ ունենում»: Ոչի՛նչ, որ մի քիչ չեն ապահովում լեզվի անաղարտությունը («Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը»-հ.3), բայց, համենայն դեպս, շնորհակալ ենք, որ, համենայն դեպս, հայերեն են ելույթ ունենում: Պետականորեն ելույթ ունենալիս….

«Բայց մեր շփումների, դիալոգների ժամանակ մենք համենայնդեպս օգտագործում ենք այն լեզուները, որոնք իմանում ենք»,- ասում է պոլիգլոտ-պատգամավորը: Ու պարզվում է, որ եթե «ԴՈՒ գնում ես Եվրոպա, կամ եվրոպացիք  գալիս են՝ անգլերեն ԵՆՔ (ՄԵՆՔ) խոսում: Ու իրենք էլ՝ նույն ՁԵՒ»:

 Քթիմազություն եմ անո՞ւմ: Հա՛ էլի: Իրականում՝ անաղա՛րտ է, անաղա՛րտ…

Չգիտեմ՝ արդյո՞ք պատգամավորին ԵՏՄ-ի լեզվական քաղաքականության վերաբերյալ հարց տրվել է, թե ոչ: Համենայն դեպս (կասեր պ-ն Այվազյանը)՝պատգամավորը սահուն անցում է կատարում այդ թեմային ու պնդում, որ լեզվի հետ կապված՝ որևէ խնդիր չկա, որովհետև «պայմանագրի ընդունման կողմերի բոլոր նորմատիվ փաստաթղթերը թարգմանվում են նաեւ հայերեն»: Ավելի՛ն. «դրանք ունեն հավասար իրավաբանական ուժ, ինչ ռուսերեն գրված պայմանագրի դրույթները»: Բա՛:

Չէ՛, ուզում էի ասել՝ Բա՛յց: Այսինքն՝ բայց ինչո՞ւ, ինչո՞ւ, պարոն Այվազյան, ախր «ինչո՞ւ ավելացնենք պետական ծախսերը»,  ինչո՞ւ թարգմանության վրա փող ծախսենք, «ավելի լավ չի՞՝ ռուսերեն շփվենք»: Էդ լեզուն հո՛ իմանում ենք, չէ՞: Անաղա՛րտ, անաղա՛րտ ենք իմանում: Խնայե՛նք, խնայե՛նք պետական փողերը: Դրանք ծախսելու լի՜քը ավելի կարևոր տեղեր կան՝ եվրոպաներ ու ամերիկաներ գնալ-գա՜լ, ընտանիք-կնիկ-էրեխա՜, նոր տարի-բա՜ն, սաունա՜, կազինո՜, Սևա՜ն, որորնե՜ր… Տիեզե՜րք…

Սեդա Մեսրոպյան

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Անտուան դը Սենտ-Էքզյուպերի` «Փոքրիկ իշխանը» ‘
Հաջորդ հոդվածը‘Հարուցվել է քրեական գործ՝ Երևանում Չինաստանի չորս քաղաքացիների սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ’