‘Համեցեք սեպտեմբերի 32-ին Գյումրի՝ բնակարանամուտի, կամ անունս փոխում եմ՝ դնեմ Գյուլչիթայ’

953

2013թ. աշնանը գյումրեցի եւս 420 անօթեւան պետք է բնակարանամուտ տոներ: Այսպիսի խոստումներ իշխանության կողմից հնչել էին դեռեւս նախորդ տարի, երբ շահագործման էին հանձնվում Մուշ-2/2-ի բնակելիները: 420 անօթեւանի համար իրականացվող բնակարանաշինությանն իր նախընտրական քարոզարշավում անդրադարձել էր նաեւ Սերժ Սարգսյանը: Գրում է Hetq.am-ը: Նա հաստատել էր իշխանությունների մտադրությունը՝ 2013թ. շարունակել բնակարանաշինության ծրագիրը Գյումրիում: Այդ նպատակով տարածքներ էին առանձնացվել Մուշ եւ Անի թաղամասերի վերջնամասում, որտեղ պիտի կառուցվեր 12 շենք:

Որեւէ բնակելի կառույց տեսնելու ակնկալիքով օգոստոսի 31-ին ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի նախաձեռնությամբ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ այցելեցին շինհրապարակ կոչվող տարածքներ: Մուշ թաղամասի վերջնամասում մոտ 2 մետր բարձրությամբ թիթեղյա պարսպապատ տարածքն ամայի էր ու ամբողջովին ծածկված մոլախոտով:

«Եթե նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունները Գյումրիում շատ ավելի գոհացուցիչ արդյունքներ գրանցեին, ապա կարելի էր վստահորեն ասել, որ մեր ականջը չէին ոլորի, մեզ չէին պատժի նման քայլով,- նկատեց իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը,- թեպետ կարելի է այլ ենթադրություն էլ անել: Ասենք՝ մտածել, որ մեր երկրի վիճակն այնքան էլ լավ չէ, եւ իշխանությունները դա թաքցնում են մեզանից: Անկեղծ չեն այնքան, որ ասեն՝ գիտեք ինչ, այ էս-էս պատճառներով մեր նկարագրած դրախտը գոյություն չունի»:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքով՝ շատ հնարավոր է, որ շինարարը պարզապես շփոթած լինի ամսաթվերը: Ասել են՝ սեպտեմբերին կշահագործենք, բայց թե որ օրը՝ չեն կարողացել կոնկրետացնել:

«Ենթադրում ենք, որ շենքերը շահագործման են հանձնելու սեպտեմբերի 32-ին, Վանաձորինը՝ նույնիսկ մինչեւ սեպտեմբերի 33-ը ներառյալ,- կատակեց Լեւոն Բարսեղյանը,- ես, անկեղծ ասած, մտածում էի, թե հերթական սուտ լուրերն են տարածվում, ու անկեղծ ցանկություն առաջացավ այդ ամենը ճշտելու: Եվ ահա այն ամենը, ինչ արձանագրեցինք, դա ամայի տարածությունն էր, որտեղ դեռ ոչ մի շինարարի ոտք չի դիպել, եւ հույս էլ չկա, թե երբեւէ շինտեխնիկա կհայտնվի»:

Մուշ թաղամասում գտնվելու ընթացքում Լեւոն Բարսեղյանին զանգահարեց «Գլենդել Հիլզի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմինե Ուդումյանը: Հավանաբար՝ տարածքը հսկող պահակներից մեկը, այնուամենայնիվ, զանգահարել եւ տեղյակ էր պահել «Գլենդել Հիլզի» ղեկավարությանը, որ տարածքը տեսալուսանկարահանվում է: Լեւոն Բարսեղյանի փոխանցմամբ՝ Արմինե Ուդումյանը նախ հետաքրքրվել է, թե ինչ են անում լրատվամիջոցները շինհրապարակում:

«Ես, իհարկե, դրվատանքի խոսքեր հղեցի նրան, որ այս մի շինարարությունը պարզապես ցնցող էր՝ համեմատած մյուսների հետ: Շշմելու 420 բնակարան է կառուցվել, որի համար շնորհավորում եմ: Ասացի՝ մենք էլ եկել ենք ձեր կատարած աշխատանքով հիանալու: Ստիպված էի բացատրել, որ կիսապարսպապատ տարածք մուտք գործելն իրենից դժվարություն չէր ներկայացնում, մանավանդ որ այնտեղ ոչ մի տեսակի շինարարություն չի իրականացվում, պարիսպն էլ տեղ-տեղ քանդած էր: Զրուցակիցս էլ նեղսրտեց, թե հերիք չէ առանց թույլտվության մտել ենք շինհրապարակ, հետն էլ հեգնում ենք»,- հեռախոսազրույցի մանրամասները ներկայացրեց Լեւոն Բարսեղյանը:

Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետին՝ Արմինե Ուդումյանին: Վերջինս չհամաձայնեց բանավոր պատասխանել մեր հարցերին՝ խնդրելով դիմել գրավոր եւ խոստանալով, որ հնարավորինս արագ կարձագանքի: «Հետք»-ին հետաքրքրում էր, թե, ի վերջո, ե՞րբ է նախատեսված եղել 420 անօթեւանների համար բնակելիների շինարարության մեկնարկը: Ինչո՞ւ մինչ օրս ոչ մի տեսակի շինարարական աշխատանք չի իրականացվել: Արդյոք մարզի գյուղական բնակավայրերում բնակարանաշինության ծրագիրը սկսելու մտադրություն ունի՞ «Գլենդել Հիլզ»-ը եւ այլն:

Սեպտեմբերի 2-ին «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ից ստացված պատասխանում նշված էր, որ 420 բնակարանի կառուցումը նախատեսվում է սկսել սեպտեմբերին: Հանձնման մասին կհայտնեն լրացուցիչ՝ ելնելով ծրագրի ընթացքից: Ինչ վերաբերում է շինարարության հետաձգման պատճառներին, ապա կազմակերպությունը դա բացատրել է հետեւյալով. «Ներկայում ավարտին է մոտենում Գյումրիի Մուշ 2 թաղամասում նախատեսված բնակարանաշինության վերանախագծման փուլը, որը պայմանավորված էր անօթևանների ընտանիքների քանակի (նաև՝ ըստ ընտանիքի անդամների թվի քանակի) ճշգրտման հետ, քանի որ անօթևանների վերջին խմբի համար են կառուցվում բնակարանները, անհրաժեշտ էր հստակեցնել՝ քանի հոգանոց քանի ընտանիք կա, և որոնց համար քանի հատ և քանի սենյականոց բնակարաններ պետք է կառուցվեն»,- նշված է պատասխան գրությունում:

«Հետք»-ը փորձել էր ճշտել նաեւ, թե ինչո՞ւ է դադարեցված Ախուրյան համայնքում բնակարանաշինությունը, եւ ե՞րբ պետք է սկսվի մարզի գյուղական մյուս բնակավայրերում անհատական բնակելիների կառուցումը: «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն այս հարցին եւս պատասխանել էր՝ չնշելով կոնկրետ ժամկետներ: Պատասխան գրության մեջ նշված էր, որ Ախուրյան համայնքում շինարարական աշխատանքները դադարեցվել են կազմակերպչական նկատառումներով, դրանք համաժամանակյա՝ Գյումրիի շինարարության հետ վերսկսելու նպատակով: Իսկ Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակարանաշինությունը կսկսվի սեպտեմբերին:

Ի դեպ, Գյումրիում հրատարակվող «Հինգշաբթի» շաբաթաթերթի լրագրող Մարիամ Խալաթյանը օգոստոսի 8-ին նույնատիպ հարցում էր ուղարկել «Գլենդել Հիլզ» եւ մեկ օր անց՝ օգոստոսի 9-ին, ստացել հետեւյալ պատասխանը, որ շինարարական աշխատանքները կվերսկսվեն մոտ 2 շաբաթից: Այսինքն՝ օգոստոսի 31-ին շինհրապարակների տարածք մեկնած մոնիթորինգի խումբը, եթե ոչ պատրաստի շենքեր, գոնե դրանց հիմքերի փորման աշխատանքները պետք է որ արձանագրեր: Այնինչ, երկու տարածքն էլ ամայի էր:

Անդրադառնալով սեպտեմբերին հանձնվելիք շենքերի վերաբերյալ տարվա սկզբին հնչած խոստումներին՝ Լեւոն Բարսեղյանը նկատեց, որ այդ հայտարարությունն արել են իշխանությունները, եւ այդ մասին լսել է մի ամբողջ մարզի բնակչություն: «Եթե իրանք էնքան կան, որ կկարողանան իրենց խոստման համաձայն սեպտեմբերին սկսեն ու ավարտեն 420 բնակարանի շինարարությունը, ես խոստանում եմ անունս փոխել՝ դնել Գյուլչիթայ»,-խոստացավ Լեւոն Բարսեղյանը:

Երանուհի Սողոյան

www.Hetq.am 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ. սիրիացի փախստականների թիվն անցել է 2 միլիոնից’
Հաջորդ հոդվածը‘Գ. Սահակյան. Անկախ մոսկովյան հանդիպումից` Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը’