‘Հայաստանը «ավելի մեծ» դարձավ այն լիդերի օրոք, որը ամենաքիչն էր դրա մասին խոսում. Մամուլ ‘

1828

«Առավոտը»՝ «Ամեն հայի սրտից բխած» վերնագրով խմբագրականում գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը բազմաթիվ դրական կողմեր ունի: Մարդկանց հետ շփվելու նրա բաց, անկեղծ ոճը, ընդդիմախոսներին չվատաբանելու, չվիրավորելու պատրաստակամությունը իմ մեջ և, վստահ եմ, շատ-շատերի մեջ հարգանք և համակրանք է առաջացնում: Մեծ հաճույքով Րաֆֆիի նման ընկեր, եղբայր կունենայի: Բայց քաղաքականությունը այլ բան է: Իհարկե, պարտադիր չէ, որ այն դաժան և ցինիկ լինի: Բայց պարտադիր է, որ քաղաքականությունը ձևակերպի ինչ-որ իրատեսական, շոշափելի նպատակներ: Երբ այդ նպատակները ձևակերպում է Րաֆֆի Հովհաննիսյանի հարգարժան պապը, ես դրա դեմ ընդվզում եմ (հասկանալով, իհարկե, որ իմ սփյուռքահայ եղբայրները այլ կարծիքի են): Ես էլ եմ, իհարկե, ուզում, որ մեր փոքր Հայաստանը դառնա ավելի մեծ` ընդհուպ մինչև «ծովից ծով»: Բայց ես նաև հասկանում եմ, որ քաղաքական օրակարգում նման էմոցիոնալ զեղումների ձևակերպումն անիմաստ է, եթե ոչ` վտանգավոր: Գրական երեկոյի, դպրոցական հանդեսի համար Րաֆֆի Հովհաննիսյանի որդու` Կարինի ելույթը հրաշալի էր, սրտաբուխ էր, հուզիչ: Դա նաև հասկանալի է, երբ Սփյուռքում երեխան սկսում է ինքն իրեն գիտակցել որպես անձ, նա հարցնում է հորը` «մենք ո՞վ ենք»: Եվ հայրը պատասխանում է` «հայ ենք»: Երեխայի հաջորդ հարցը` «իսկ ինչո՞ւ մենք Հայաստանում չենք ապրում»: Պատասխան` «թուրքերն են մեզ քշել մեր հայրենիքից»: «Վայ, ես դրանց…»: Միանգամայն բացատրելի զգացմունքներ են` զարմանալի, աններելի կլիներ, եթե հոր և որդու միջև նման երկխոսություն տեղի չունենար: Բայց հայկական պետության մեջ նման էմոցիաները, ինձ թվում է, չպիտի բարձրանան քաղաքական դիսկուրսի մակարդակի: Նման մտածողության մեջ կա նաև մի տարր, որն ինձ համար ընդունելի չէ: Այդ մոտեցումը ենթադրում է ինչ-որ իմպերատիվ պահանջներ` եթե դու հայ ես, ուրեմն պարտավոր ես անել այս կամ այն բանը: Անձամբ ես չեմ ընդունում որևէ հասարակական պարտավորվածություն, որը չի բխում օրենքի պահանջներից: Մնացածը ցանկություններ են, տեսակետներ են, իրավունքներ են: Պահանջո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականը` լավ եք անում, Ձեր իրավունքն է: Պահանջո՞ւմ եք Թուրքիայից, Իրանից և Վրաստանից մեր պատմական հայրենքը` էլի նորմալ է: Գտնո՞ւմ եք, որ բոլոր թուրքերին պետք է պայթեցնել` որպես վրեժ Ցեղասպանության համար` այդ տեսակետն էլ գոյության իրավունք ունի: Բայց մի պահանջեք, որ աշխարհի բոլոր հայերը նույն կերպ մտածեն: Վերջերս կարդացի, որ հայը «իրավունք չունի» հայտնելու տեսակետ, որը տարբերվում է Դաշնակցության դիրքորոշումից: Նրանք, ովքեր այդպես են կարծում, պետք է պահանջեն իրենց Բյուրոյից, որ վերջինս ամեն օր 10 միլիոն շրջաբերական թողարկի, որ մենք բոլորս այդ «ծիրին մեջ» ենք: Հետաքրքիր է, որ նորագույն պատմության մեջ Հայաստանը «ավելի մեծ» դարձավ այն լիդերի օրոք, որը ամենաքիչն էր դրա մասին խոսում: Դա էլ է, երևի, օրինաչափ»:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ ապրիլի 6-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘«Էսօր տոն ա, դելեգացիա ա գալու». Ոստիկանի պարզաբանումը՝ այսօր նկատվող ոստիկանական կուտակումների մասին (լուսանկարներ)’