‘Հայաստանը նախագահությունը փոխանցեց Ավստրիային. Նալբանդյանը գոհ է`միջոցառումները շատ էին’

826

Երեկ` նոյեմբերի 14-ին, ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԵԽ նախարարների կոմիտեի նիստը։ 
Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ամփոփեց Հայաստանի նախագահության օրոք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը։
Ըստ Նալբանդյանի` հայկական նախագահության գերակայությունները, ինչպես նաև նպատակները, սահմանվել էին ի պատասխան այն մարտահրավերների, որոնց դիմակայում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և իրավունքի գերակայության հաստատման առումով։ Նախարարի բնորոշմամբ՝ հենց այդ նպատակով նախագահության գերակայություններ էին սահմանվել ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանումը, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության միջազգային չափանիշների ամրապնդումը, ժողովրդավարական հասարակությունների խթանումը, եվրոպական ճարտարապետությունում ԵԽ դերի ամրապնդումը:
«Մեր նախագահության նախաձեռնությամբ բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան, որոնցից ամենանշանակալիներն էին «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը, «Կրոնի ազատությունն աշխարհում այսօր. մարտահրավերներ և երաշխիքներ» համաժողովը, «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորագրով գիտաժողովը, «Դարձնելով մայրաքաղաքները քաղաքացիներին մոտ. մարտահրավեր հանրային պաշտոնյաների համար» համաժողովը, «Եվրոպական ժառանգության օրեր» 2013 ծրագիրը և շատ այլ միջոցառումներ: 
Մեր նախագահության ընթացքում նախաձեռնվել է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 15 –րդ և 16-րդ արձանագրությունների համաձայնեցումը և ստորագրման գործընթացի մեկնարկը։ 
Հայկական նախագահությունն աջակցեց Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված կազմակերպության բարեփոխման գործընթացին, օժանդակեց բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են ԵԽ-ի գործունեությունն առավել համակարգված և արդյունավետ դարձնելուն:
Մենք մեր նպաստը բերեցինք տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի հետ Եվրոպայի խորհրդի համագործակցության խորացմանն ու զարգացմանը, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի պարբերական հանդիպումներն ու խորհրդակցությունները: Նախարարների կոմիտեն մեծ ուշադրությամբ հետևել է Եվրոպական միության` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամակցության գործընթացին: Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության բանակցողները համաձայնեցրեցին համապատասխան փաստաթղթերը` ճանապարհ հարթելով կոնվենցիային ԵՄ միանալու համար»,- հայտարարեց Նալբանդյանը։ 
Նախարարական հանդիպման ավարտին տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության փոխանցումը Ավստրիային։
Նախարարական հանդիպումից առաջ տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ։ 
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի և Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական և միջազգային հարցերի նախարար Միքայել Շպինդելեգերի հետ միասին, մասնակցեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև վեց ամիս շարունակ ծածանվող ՀՀ պետական դրոշի Ավստրիայի պետական դրոշով փոխարինման արարողությանը։

 

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’