‘Հայաստանը պատրաստվում է ապագայում միջազգային մարզական միջոցառումներ ընդունել (Տեսանյութ)’

1310

Հայաստանը մոտ ապագայում օլիմպիական խաղերն ընդունելու հայտ չի ներկայացնի: Այդ մասին հայտարարեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով iLur.am-ի հարցին՝ արդյոք Հայաստանը պատրաստվում է հարեւան երկրների օրինակով օլիմպիական հայտ ներկայացնել, ասենք, Ծաղկաձորի համար՝ Ծառուկյանը նշեց, որ դա, առաջին հերթին, կապված է նրա հետ, թե թիմն ինչքանով է պատրաստ:

ՀԱՕԿ նախագահի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում անցկացված միջազգային մարզական միջոցառումների ժամանակ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները ոսկե մեդալներ են նվաճել:

«Իհարկե, կարելի է դիմել, կարելի է կազմակերպել, որովհետեւ ունենք այդ վստահությունը, այդ հարգանքը: Բայց պետք է նախեւառաջ համապատասխան մարզաձեւերում պատրաստված անվանի մարզիկներ ունենանք: Ես ինձ շատ վատ կզգամ, որ իմ երկրում կազմակերպեմ միջոցառում՝ աշխարհի, Եվրոպայի մակարդակով, եւ չկարողանանք մեր երկրի դրոշը բարձրացնել», — ասաց օլիմպիական կոմիտեի նախագահը:

Ծառուկյանի խոսքով՝ մի շարք մարզաձեւեր, որոնք ավանդաբար Հայաստանում թույլ զարգացած են եղել, այժմ զարգացման գործընթացում են:

«Մենք մոտավորապես 8-9 մարզաձեւերում արդեն բարձր տեղեր ենք զբաղեցնում՝ մարմնամարզության երկու ձեւերը, լողը, ջրացատկը, հրաձգությունը, դահուկասպորտը: Երբ որ զգանք, որ պատրաստ ենք լինելու, կդիմենք միջազգային մրցույթներ անցկացնելու հայտով», — ասաց նա: 

Նշենք, որ տարիներ առաջ վրացական Բորժոմին եւ ադրբեջանական Բաքուն հայտ էին ներկայացրել համապատասխանաբար ձմեռային եւ ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու համար:

  

Նախորդ հոդվածը‘Սիրիա. Ջիհադիստները վերսկսել են Քոբանիի գրոհը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիական 11 հոգանոց ընտանիքը մեկնել է Սիրիա՝ ջիհադի’