‘Ֆրանսիական 11 հոգանոց ընտանիքը մեկնել է Սիրիա՝ ջիհադի’

1507

Ֆրանսիայի Նիս քաղաքում բնակվող 11 հոգանոց ընտանիքը մեկնել է Թուրքիա, որպեսզի այնտեղից անցնի Սիրիա և կռվի «Իսլամական պետության» շարքերում: The Local-ի տվյալներով՝ ընտանիքում երեք սերունդ կա՝ տատը, երեք ամուսնական զույգեր և թոռներ, որոնցից ամենակրտսերը վեց ամսական է:

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի հետաքննությամբ զբաղվում է Փարիզի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը:

Ընտանիքի մեկնման մասին իրավապահներին հայտնել է Իվանո Սովյերին, որի 27-ամյա դուստրը՝ Անդրեան, ամուսնացած է թունիսցու հետ և բնակվել է Նիսում՝ սկեսրոջ և ամուսնու երկու քույրերի ու նրանց ամուսինների հետ միասին: Պարզվել է, որ նախ Սիրիա է մեկնել Անդրեայի ամուսինը, իսկ հետո նրան հետևել է  ամբողջ ընտանիքը:

Եվրոպական երկրների և ԱՄՆ-ի՝ արմատական տրամադրություններ ունեցող քաղաքացիների մեկնումն Իրաք և Սիրիա վերջին շրջանում զանգվածային բնույթ է ստանում: Ներկայումս այնտեղ ԻՊ-ի շարքերում կռվում են Ֆրանսիայի առնվազն 900 քաղաքացիներ: Միջին հաշվով՝ ամեն օր ջիհադին միանում է ֆրանսիական անձնագիր ունեցող երեք հոգի: ԱՄՆ ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի տվյալներով՝ իսլամիստների կողմում կռվում է ԱՄՆ 100 քաղաքացի, իսկ ընդհանուր առմամբ՝ երեք տարվա ընթացքում Սիրիա են թափանցել 12 հազար օտարերկրյա վարձկաններ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը պատրաստվում է ապագայում միջազգային մարզական միջոցառումներ ընդունել (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվն աճում է’