‘Սիրիա. Ջիհադիստները վերսկսել են Քոբանիի գրոհը’

1059

«Իսլամական պետություն» խմբավորումը վերսկսել է Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքի գրոհը:

Դաշնակից ուժերին միացած Ավստրալիայի ռազմական օդանավերն առաջին անգամ հարված են հասցրել գրոհայինների դիրքերին: ԱՄՆ-ն, իր հերթին՝ հայտարարել է, որ միայն ավիահարվածներով Քոբանին պաշտպանել հնարավոր չէ: ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Քիրբիի խոսքով՝ «Միայն ավիահարվածներով իրադրությունը չես փրկի: Նրանք չեն կարող պահել Քոբանին, մենք դա գիտենք»: Պենտագոնում համարում են, որ Քոբանիի և ուրիշ բնակավայրերի գրավումը ջիհադիստների կողմից՝ միանգամայն իրատեսական է: Քոբանին գրավելով՝ գրոհայինները լիակատար վերահսկողություն կհաստատեն թուրք-սիրիական բավական երկար սահմանի նկատմամբ:

ԱՄՆ գեներալ Մարտին Դեմփսին նշել է, որ «Իսլամական պետությունն» ավելի ու ավելի գրագետ է վարում ռազմական գործողությունները:

Միջազգային հանրությունն այս ընթացքում ուժեղացնում է Թուրքիայի ճնշումը՝ փորձելով Անկարային համոզել՝ ավելի ակտիվ աջակցություն ցույց տալ Քոբանիի քուրդ աշխարհազորայիններին: Թուրքիան, իր հերթին, պնդում է, որ թուրք-սիրիական սահմանի երկայնքով բուֆերային գոտու ստեղծումը՝ թռիչքների համար փակ գոտու հետ մեկտեղ, կբարելավի անվտանգության հետ կապված իրավիճակը և կհեշտացնի փախստականների ճանապարհը դեպի Թուրքիա: Չորեքշաբթի Ֆրանսիան հավանություն է տվել բուֆերային գոտի ստեղծելու գաղափարին: Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը խոստացել է ուսումնասիրել այդ հարցը: Մինչդեռ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնստը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ներկա պահին նման տարբերակներ չեն քննարկում:

Երեք շաբաթվա ընթացքում Քոբանիի մարտերում զոհվել է ավելի քան 400 մարդ, 160 հազարից ավելի սիրիացի քրդեր ստիպված են եղել Սիրիայից փախչել Թուրքիա:

 Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն շփման գծում հերթական դիտարկումն է անցկացրել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը պատրաստվում է ապագայում միջազգային մարզական միջոցառումներ ընդունել (Տեսանյութ)’