‘Հայաստանը փորձում է հարմարվել կլիմայի փոփոխություններին ‘

986

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Երեւանում գտնվող Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությանը հարմարվելու եւ այն մեղմելու ռազմավարությունների մշակման խմբի պատվիրակությանը` Նիկոլաս Ահուիսուսի գլխավորությամբ: Այն Հայաստան է ժամանել մասնակցելու Համաշխարհային բանկի, ՀՀ գյուղատնտեսության եւ բնության պահպանության նախարարությունների նախաձեռնությամբ կազմակերպվող համաժողովին` նվիրված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությանը հարմարվելու եւ այն մեղմելու ռազմավարական ծրագրերի մշակմանը: Պատվիրակության կազմում էին միջազգային փորձագետ Ջեյմս Նեմանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը:

News.am-ի փոխանցմամբ՝ ողջունելով հյուրերին, նախարարը կարեւորեց կլիմայի փոփոխությունների հետեւանքով սպասվող իրավիճակներում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին ցուցաբերվող ուշադրությունը եւ նշեց, որ անհրաժեշտ է, ըստ ամենայնի, օժանդակել ուսումնասիրություններին հաջորդող քայլերի իրականացմանը: Ի պատասխան` պարոն Նիկոլաս Ահուիսուսը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ ներկայացրեց ընթացիկ տարվա գարնանը կայացած առաջին նման հանդիպումից հետո իրենց կողմից Հայաստանում իրականացված այն ուսումնասիրությունների արդյունքները , որոնք քննարկվելու են այսօրվա աշխատաժողովի ընթացքում:

Իսկ այսօր Երեւանում աշխատանքն սկսեց Ազգային իրազեկման եւ փոխհամաձայնեցման համաժողովը: Առավոտյան նիստում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մաղթելով մասնակիցներին արդյունավետ աշխատանք` նախարարը մասնավորապես նշեց. «Կլիմայի փոփոխությունների ազդեցությունների հետեւանքների թվարկումը կարելի է շարունակել, սակայն ակնհայտ է մի բան, որ դրանք ընդհանուր են մեր տարածաշրջանի երկրների համար, եւ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի դիմակայել այդ մարտահրավերներին»:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Մյուս անգամ Կասիլյասը թող «Բարսելոնայի» խաղացողների հետ գնա’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ԱԳՆ. Թուրքիայի գործողությունները վտանգել են ռուսաստանցիների կյանքը’