‘Հայաստանի կառավարությունը հաստատել է Մաքսային միությանը միանալու առաջնահերթ միջոցառումների ցանկը’

845

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկի նախագծին: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», ՀՀ կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանձնարարությամբ ձևավորելու է բանակցային խումբ` ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցելու նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով: «Ստեղծվելու են յոթ աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն Հայաստանի` Մաքսային միության հետ համագործակցելու հնարավորությունը, կապված նրա հետ, որ մեր երկիրը չունի միասնական սահման միության անդամ երկրների հետ»,- ասել է Մինասյանը: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից ՄՄ-ի անդամ երկրների և Հայաստանի միջև ստեղծվել էր համապատասխան հանձնաժողով` քառակողմ համագործակցության նպատակով:

Ընդունված նախագծով նախատեսվում է Մաքսային միությանը միացման համար անհրաժեշտ` միության շրջանակներում գործող փաստաթղթերի, Հայաստանի համապատասխան իրավական դաշտի և մեր երկրի կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի համադրում, համապատասխան բանակցային առաջարկությունների նախապատրաստում և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: Միաժամանակ, նա նշել է, որ Մաքսային միությանը միանալու որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Դատարաններն արդարադատություն իրականացնող մարմին չեն, այլ գործիք` Սերժ Սարգսյանի ձեռքին’
Հաջորդ հոդվածը‘«Զիլ»-ը միտումնավոր հարվածել է նստացույց անողների մեքենաներին (տեսանյութ)’