‘Հայաստանի պետական դրոշն այրողը անմեղսունակ է ճանաչվել ‘

2071

Հայաստանի պետական դրոշն այրողը անմեղսունակ է ճանաչվել

Հայաստանի պետական դրոշն այրելու գործով դատավարությունը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է: Երևանի 35-ամյա բնակիչ Ալբերտ Նիկողոսյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր. օրենսգրքի 331 հոդվածի հատկանիշներով («պետական խորհրդանիշներն անարգելը»), չի պատժվել, այլ դատարանի որոշմամբ ուղարկվել է հարկադիր բուժման:

«Դատարանը որոշել է հարկադիր բուժում նշանակել, որովհետև Ալբերտ Նիկողոսյանը անմեղսունակ է ճանաչվել» -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նիկողոսյանի պաշտպան Հայկ Իսրայելյանը:

Ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն` Ալբերտ Նիկողոսյանի մոտ հայտնաբերվել է «թեթև աստիճանի մտավոր հետամնացություն` փսիխոտիկ խանգարումներով: Ուստի Ալբերտ Ռուբենի Նիկողոսյանին, իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ, հարկ է ճանաչել անմեղսունակ»: Ըստ նույն եզրակացության` այդ վիճակը նրան զրկել է իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից:
Հիշեցնենք՝ դեպքը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 2-ին` Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ: Մեղադրյալը ցուցմունքում հայտնել է, որ իր հարևան, նույն շենքի բնակիչ ոմն Ուսուբ պարբերաբար իրեն թուրք է անվանել, ինչից ինքը նեղվել է և որոշել այրել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Նախորդ հոդվածը‘«Ությակի» երկրներն ավելի քան 160 միլիոն դոլար կհատկացնեն Մերձավոր Արևելքի երկրների տնտեսությունը վերականգնելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Նամակ Տարոն Մարգարյանին. Այսօր հաշմանդամություն ունեցող մարդիկ շարունակում են մեկուսացած ապրել մեր քաղաքում’