‘Հայաստանի ՊՆ. Ադրբեջանական կողմն անպատիժ չի մնա’

1037

Ադրբեջանական կողմն անպատիժ չի մնա, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը:

Հովհաննիսյանի ասելով, իրավիճակը սահմանագծին թելադրում է հայ զինվորը: «Անցած գիշերվա իրադարձությունները ցույց տվեցին, որ իրենք հերթական անգամ ձախողվել են և, չնայած դրան, իրենց հանդգնության համար նորից պատժվելու են», — հայտարարել է մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր, սակայն ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» շքանշանով:

Նախորդ հոդվածը‘Հունվարի 23-ին Երևանում հնարավոր է թույլ ձյուն’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոս. 98%-ը դեռ չի նշանակում կոնսենսուս’