‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր մարզիչ ունի’

2202

Լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին կարդում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված և ս.թ. նոյեմբերի 1-ից Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի ֆուտբոլային  կենսագրությունը

Լեգենդար ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային նորանշանակ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ծնվել է 1971 թ. դեկտեմբերի 17-ին, Գյումրի (Լենինական) քաղաքում: Խաղային կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակ» հեղինակավոր ակումբում: 1989-1998 թվականներին  հանդես է եկել հենց Գյումրիի «Շիրակում»: 1998-1999 թվականներին շարունակել է ֆուտբոլային կարիերան Իսրայելական «Մաքքաբի»-ում: 1999-2000 թվականներին Արթուր Պետրոսյանը կրկին վերադարձել է հարազատ «Շիրակ»: 1999-ին հայ ճանաչված կիսապաշտպանը հանդես է եկել նաև Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ»-ի կազմում: 2000 թվականին Արթուր Պետոսյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, շարունակել է ֆուտբոլային առաջընթացը Շվեյցարիայում: 2000-2003 թվականներին հանդես է եկել Շվեյցարական «Յանգ Բոյզ»-ում, 2003-2006 թվականներին՝ «Ցյուրիխ»-ում: Ազգային հավաքական է հրավիրվել 1992 թվականին: 1992-2005 թթ. Հայաստանի ազգային հավաքականի կազմում  անցկացրել է 70 հանդիպում, դարձել 11 գոլի հեղինակ: Նա  հավաքականի բոլոր ժամանակների երկրորդ լավագույն ռմբարկուն է: Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչը` Հայաստանի քառակի չեմպիոն է (1992, 1994, 1995, 1999), Հայաստանի երկակի սուպերգավաթակիր (1996, 1999), Շվեյցարիայի գավաթակիր (2005), Շվեյցարիայի չեմպիոն (2005-2006): Lավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1996, 2000 թվականներին, Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1997 թվականին: Սկսել է մարզչական գործունեությունը 2006 թվականին՝ գլխավորելով «Ցյուրիխի» Մ-14, 15, 16, 18 թիմերը: 2011 թվականին «Ցյուրիխի» Մ-18 թիմի հետ նա դարձել է Շվեյցարիայի չեմպիոն: 2014-2015 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի օգնականը: 2016 թ. ստացել է մարզչական ՊՐՈ արտոնագիր:

Նախորդ հոդվածը‘Daily Telegraph. Տիկին Ասադը երկակի ստանդարտների մեղադրանք է ներկայացնում’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսուհիները բողոքում են ընդդեմ սեռական ոտնձգությունների’