‘Հայաստանի 28 համայնքում ղեկավար են «ընտրվել» ՀՀԿ-ականներ’

977

2014թ. մարտի 9-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Թվով 53 համայնքներից 40-ում կայացել են համայնքի ղեկավարի, իսկ 43-ում` ավագանու անդամի ընտրություններ:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԿԸՀ մամուլի ծառայությունից,

քվեարկության նախնական արդյունքների համաձայն` 40 համայնքներում ընտրված համայնքի ղեկավարներից  8-ն անկուսակցական են, 3-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ են, 1-ը` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության և 28-ը` Հայաստանի Հանրապետական կուսակցության:

Քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մարտի 10-ին` մինչև ժամը 18.00-ն: Սահմանված ժամկետում վերահաշվարկի  և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Թվով 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ մեկ ներկայացուցչի կողմից ստացել են դիմումներ, որոնք վերաբերում են 11 համայնքներում կայացած ընտրություններին: Բոլոր դիմումներն սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվեն  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 414.78 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Կանդինսկին և նրա այլաբանական եռանկյունին’