‘Հայաստանում բացվել է առաջին ազատ տնտեսական գոտին’

1252

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետությունում առաջին ազատ տնտեսական գոտու պաշտոնական բացման հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

ՀՀ կառավարության ղեկավարը շնորհավորել է ազատ տնտեսական գոտու ստեղծման գործում ներգրավված բոլոր կողմերին նշանակալի իրադարձության կապակցությամբ, շնորհակալություն հայտնել 2008 թ. ի վեր կատարված համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել պիլոտային ծրագրի ընթացքին:

ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի որոշմամբ Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն է: ԱՏԳ-ն ունի 55799 քմ արտադրատնտեսական և 37908 քմ գրասենյակային տարածք, կազմակերպվել է «ՌԱՕ Մարս» և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների տարածքում: «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում ձևավորվել է արդյունաբերաարտադրական ԱՏԳ` բարձր, գիտատար տեխնոլոգիաների և արտադրության զարգացման, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում` տեխնիկակիրառական ԱՏԳ` նորարարությունների, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ուղղություններով:

ԱՏԳ տարածքում կարելի է գործունեություն ծավալել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և բիոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերական դիզայնի, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման և արտադրության ոլորտներում: ԱՏԳ ռեզիդենտներն իրենց գործունեությունը ԱՏԳ տարածքում կարող են իրականացնել «մեկ պատուհան» ծառայության միջոցով:

Նրանց համար ստեղծվել է շահավետ հարկային դաշտ. ազատում ավելացված արժեքի հարկից, ներմուծման և արտահանման մաքսատուրքից, շահութահարկից, գույքահարկից: Պոտենցիալ ռեզիդենտները կօգտվեն նաև հետևյալ արտոնություններից` արժույթային սահմանափակումների բացակայություն, կապիտալի, շահույթի և դիվիդենտների ազատ տեղափոխում: Այս ամենը կնպաստի արտադրվող ապրանքների ինքնարժեքի նվազեցմանը և մրցունակության բարձրացմանը:

Նախորդ հոդվածը‘ՊՆ-ն հերթական միջադեպն է թաքցնու՞մ. Վիրավոր զինվորը ծանր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնանկ է արվել Կենտրոնի ոստիկանապետը’