‘ՊՆ-ն հերթական միջադեպն է թաքցնու՞մ. Վիրավոր զինվորը ծանր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ’

1814

Shamshyan.com-ին են դիմել Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի բնակիչներ՝ ամուսիններ Արմեն և Հեղինե Հովհաննիսյանները, ովքեր հայտնում էին, որ արդեն մի քանի օր է՝ իրենց որդին գտնվում է ՀՀ ՊՆ Երևանի Մուրացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալում: Էրեբունու զինկոմիսարիատի կողմից 2012թ հունիսին բանակ զորակոչված 19-ամյա Արսեն Հովհաննիսյանի հարազատները պատմել են. «Հունիսի 23-ին Էրեբունու զինկոմիսարիատից զանգահարել են Արսենի հորը՝ Արմենին և հայտնել, որ Ստեփանակերտից տղային ուղղաթիռով տեղափոխում են Մուրացանի հոսպիտալ և նույնիսկ խնդրել են, որպեսզի այդ մասին աղմուկ չբարձրացնենք: Երբ Արսենին տեղափոխել են հոսպիտալ, պարզվել է, որ նա վնասվածքներ է ստացել որովայնի, աղիների և պոչուկի հատվածում»:

Ծնողները հայտնել են, որ Մուրացանի բժիշկներին հաջողվել է մահվան ճիրաններից դուրս բերել Արսենին և արդեն 2 անգամ վիրահատություն է կատարվել: Թե ինչ հանգամանքներում է հրազենային վնասվածք ստացել իրենց որդին, հարազատներին դեռևս հստակ ոչինչ չեն հայտնում: Միայն ասում են, որ վնասվածքը նա ստացել է իր հետ ծառայակից շարքայինի կողմից, իսկ հրազենը եղել է դիպուկահարի զենք՝ СВД, իսկ այդ հրազենը հաշվառված է եղել ոչ թե շարքայինի անվամբ, այլ՝ սպաներից մեկի անունով ու հիմա տեղեկություններ են տարածում, թե այդ սպան լվացվելու ժամանակ հրազենը թողել է շարքայինի մոտ:

Ծնողները նաև բարձրաձայնել են, որ այս մի քանի օրերի ընթացքում պաշտպանության նախարարության պատասխանատուներից ոչ ոք չի հետաքրքրվել իրենց վիճակով: 

Նախորդ հոդվածը‘Ի հայտ են գալիս նոր գծատերեր. 64 համարի երթուղին պատկանում է Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին (փաստաթղթեր)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում բացվել է առաջին ազատ տնտեսական գոտին’