‘Հայաստանում տնային կալանքի ենթարկվածներին կվերահսկեն էլեկտրոնային սարքերով’

927

Հայաստանը ծրագրում է ներդնել տնային կալանքի խափանման միջոցը և էլեկտրոնային սարքերի միջոցով վերահսկել պատիժը կրողի շարժը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Թաթոյանը, էլեկտրոնային վերահսկողության սարքերի կիրառումը նախատեսված է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանված տնային կալանքի և վարչական վերհսկողության խափանման միջոցների դեպքում:

«Կա երկու խափանման միջոց, որոնց դեպքում կարող են կիրառվել էլեկտրոնային վերհսկողության սարքերը. տնային կալանք և վարչական վերահսկողություն: Երկրորդի դեպքում` անձին չես պարտադրում մնալ տանը, դու իրեն ասում ես` պարտավոր ես, օրինակ, շաբաթը երեք անգամ գնալ ու գրանցվել ոստիկանության բաժնում, պարտավոր ես չմոտենալ որոշակի անձանց, որոշակի ժամերի չգնալ այս կամ այն վայրը: Օրինակ, ասվում է` իրավունք չունես փոխել մշտական բնակության վայրդ: Էլեկտրոնային սարքը թույլ է տալիս այդ ամենը վերահսկել ու ստուգել: Տնային կալանքն ուրիշ է, այն ենթադրում է, դու տանից չպետք է դուրս գաս, որ, օրինակ, որոշակի մարդկանց չկարողանաս քո տանը հյուրընկալել, հնարավոր է նաև վերահսկվեն հեռախոսային խոսակցությունները, եթե դատարանն այդպիսի որոշում կայացնի: Վերահսկող սարքը հնարավորություն է տալու համապատասխան մարմիններին հետևել անձի վարքագծին: Կալանքի ենթարկված անձն անընդհատ սարքով ազդանշաններ է ստանալու, որոնց պարտավոր է արձագանքել, հակառակ դեպքում` անձը կխախտի  խափանման պայմանները: Բնականաբար, եթե խախտում է կանոնները, ապա առաջանում է կալանքի վտանգ նրա համար»,-ասել է Արման Թաթոյանը:

Նախորդ հոդվածը‘Խոշոր հրդեհներ տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը ուժեղագույն կազմով մեկնել է Ռուսաստան’