‘Հայաստանում քաղցկեղից բարձր մահացածությունը իշխանություններին չի մտահոգում’

2687

2016 թ. սկզբին World Life Expectancy («Կյանքի տևողությունն աշխարհում») պարբերականը զեկույց է հրապարակել քաղցկեղի խնդրի վերաբերյալ, և ըստ այդ զեկույցի՝ 2014 թ. աշխարհի 172 երկրների շարքում Հայաստանն զբաղեցրել է «պատվավոր» առաջին տեղը՝ ուռուցքային հիվանդություններից մահացածության ցուցանիշով:

Զեկույցի հեղինակներին Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրամադրած տվյալների համաձայն՝ ուռուցքային հիվանդություններից մահացածության ինդեքսը կազմում է՝ յուրաքանչյուր 100 հազարից՝ 230 մարդ:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2016 թ. Հայաստանում գրանցվել է քաղցկեղով հիվանդացության 8400 նոր դեպք:  Մինչդեռ բոլոր մասնագետներն այն կարծիքի են, որ  Հայաստանում քաղցկեղից մահացածության մակարդակը սարսափելի բարձր է, և դրա դինամիկան անընդհատ աճում է: Որպես հիմնական պատճառ՝ նշվում է այն փաստը, որ դեպքերի 50-60 %-ը հայտնաբերվում է հիվանդության 3-րդ կամ 4-րդ աստիճանում, երբ բուժումն արդեն քիչ արդյունավետ է: Եվ հենց դա է պատճառը, որ ուռուցքային հիվանդների կյանքի տևողությունը Հայաստանում 30%-ով ավելի կարճ է, քան եվրոպական երկրներում:

Մասնագետներն ընդգծում են համապատասխան պետական կառույցների անտարբերությունը մարդկանց առողջության հանդեպ: Մասնավորապես՝ սննդամթերքի և ջրի անվերահսկելի որակը, ի թիվս այլ գործոնների, օնկոլոգիական հիվանդություններ է հրահրում: «Ցավոք սրտի՝ Հայաստանում այդ ոլորտը բոլորովին անուշադրության է մատնված, և որպես դրա հետևանք՝ երկրում ոչ միայն բավական շատ սոցիալական և տնտեսական խնդիրներ կան, այլև նշանակալի բացթողումներ առողջապահության ոլորտում», — նշել է Իտալիայի Սննդամթերքի անվտանգության համալսարանի պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն:

Ու թեպետ Հայաստանի կառավարությունը թղթի վրա ընդգծում է սննդամթերքի անվտանգության կարևորությունը, ընդ որում՝ վկայակոչելով մի շարք օրենքներ և միջազգային կոնվենցիաներ, անորակ սննդամթերքի և բնակչության առողջության խնդիրները շարունակում են չափազանց արդիական սպառնալիք մնալ:

Նախորդ հոդվածը‘Վահե Գրիգորյան. Հանրապետության չորրորդ նախագահը դեռ չի ընտրվել’
Հաջորդ հոդվածը‘Պուչդեմոնը ինքնաբացարկ է հայտնել’