‘Հայացք՝ «ներսից». Դասադուլին դեմ են «լիկվիդ մնացած» ուսանողները’

1415

iLur.am-ը զրուցել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ՝ պարզելու համար, թե արդյոք նրանք տեղյակ են դասադուլի մասին, մասնակցում են դրան և առհասարակ ինչպես են վերաբերվում բողոքի այդ տեսակին:

Մեր զրուցակիցների թվում կային այնպիսիքը, որ բացարձակապես անիմաստ են համարում դասադուլը, և իրենց նույնիսկ չի հետաքրքում, թե որն է ուսանողների պահանջը:

Տեղյակներից ոմանց կարծիքով էլ՝ դասադուլավորները պահանջում են իշխանափոխություն, Րաֆֆի Հովհաննիսյանին «նախագահ դարձնել», պայքարում են «բարևի» համար, մի քանիսը մտածում են, որ դասադուլավորների նպատակը կառավարության կազմի փոփոխությունն է, եւ քչերն են կարծում, որ պահանջն իրականում ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչումն է և նոր ընտրությունների անցկացումը:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներից մեկն ասաց, որ այսօրվա իշխանությունը հզոր է, և ուսանողը չպետք է խառնվի քաղաքականությանը:

Ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողուհի Մերի Հարությունյանը նշեց, որ տեղյակ է դասադուլից, բայց անձամբ չի մասնակցում և անիմաստ է համարում:

Ըստ նրա՝  դասախոսները հորդորում են չմասնակցել դասադուլին: Նա այդ մասին սոցկայքերից է տեղեկացել, բայց անձամբ իրեն «ոչ ոք չի ուղղորդել»:

Մեր հետ զրույցում նույն ֆակուլտետի երրորդ կուրսի երկու աղջիկներ դրական կարծիք արտահայտեցին պայքարի այդ ձևի վերաբերյալ՝ հույս ունենալով, որ պայքարը կարող է արդյունք տալ:

Միջազգային հարաբերությունների առաջին կուրսեցի Արմենի կարծիքով՝ դասադուլը անիմաստ բան չէ, սակայն այն պարզապես աննպատակ է:

«Ուսանողը պետք է գա ինստիտուտ դաս անի, նոր դասից հետո արտահայտի քաղաքական տեսակետը՝ գնալով Ազատության հրապարակ»,- կարծում է նա:

Արմենը և իր կողքին կանգնած համակուրսեցիները համաձայն էին այդ գաղափարին՝  ընդունելով, որ ընտրությունները կեղծվել են:

«Դասադուլավորները կհասնեն արդյունքի, եթե բոլոր ուսանողները միահամուռ ոտքի ելնեն, բայց դա՝ փետրվարի 28-ին Ազատության հրապարակում, այլ ոչ թե ժամը մեկ, ամեն օր ԵՊՀ-ի դիմաց 09:30-ից սկսեն դասադուլը»,- մեկնաբանեց Արմենը, ով, ի դեպ, նշեց, որ «Ժառանգության» համակիրն է:

Նրա ընկերը ավելացրեց, թե «քանի որ հայ ազգը չի կարող միախմբվել, ապա արդյունք չի լինի:

Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Հովհաննեսն էլ նշեց, որ առաջին օրը մասնակցել է դասադուլին, իսկ հիմա չի մասնակցում: Նա չցանկացավ մանրամասնել պատճառները:  Հովհաննեսի համակուրսեցի Վարդանն էլ ասաց, որ 2 օր  մասնակցել է դասադուլին և հույսով է, որ պայքարը կարող է արդյունք տալ:

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Մուրադն ասաց, որ դասադուլին չի մասնակցում, բայց ոգևորված է, չնայած որ, ըստ նրա՝ դասադուլավորների մեծամասնությունը ուսանող չէ:

«Դասադուլը իշխանափոխության մեթոդներից մեկն է, որին լուրջ պետք է վերաբերվել, քանի որ հեղափոխության ամենամեծ զենքը երիտասարդությունն է»,- նկատեց Մուրադը: Նա շեշտեց, որ ԵՊՀ-ում, ի տարբերություն այլ բուհերի, դասադուլ անել ցանկացողների առաջ դռները չեն փակվել:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Հերմինեն անձամբ առաջին օրվանից մասնակցում է դասադուլին, նրա խոսքով՝ 78 հոգանոց կուրսից դասադուլին մշտական մասնակցում է 2 հոգի: Հերմինեն նկատում է, որ դեկանատի կողմից որևէ նկատողություն կամ ակնարկ չի եղել դասադուլին մասնակցելու համար:

«Ամենասկզբից էին նկատվում միտումներ մեզ կանգնեցնելու համար, բայց ո՞վ կարող է կանգնացնել մեզ»,- անկեղծացավ ուսանողուհին: Նրա խոսքով, համալսարանի բոլոր հակադասադուլավորներին հանում են «քսի են տալիս դասադուլավորների վրա և կռիվ են հրահրում»:

«Գնում ենք համալսարանների մոտ, տեսնում ենք՝ արդեն կես ժամ առաջ շարքով կանգնած են, հարցնում ենք՝ «դուք ո՞վ եք», ասում են՝ «ուսանողներ», ասում ենք՝ «բա որ ուսանողներ եք, ինչի՞ չեք դասի նստել, կարող է դարպասների մո՞տ եք դաս անում»,- նշում է Հերմինեն՝ նկատելով, որ այդ ուսանողներն իրականում «լիկվիդ» մնացած ուսանողներ են, որոնց ՈՒԽ-ները և ռեկտորատը օգտագործում են դասադուլավորների դեմ:

Հերմինեն նշում է, թե իրենց մեղադրում էին աղմուկ-աղաղակ բարձրացնելու մեջ, իսկ այսօր իրենք դիտմամբ ոչ մի ձայն չեն հանել, բայց այսօր էլ իրենց ասել են, թե խաղաղ կանգնել չի կարելի:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Արշակը զրույցում ասաց, որ մասնակցելու համար իրեն քաղաքական որոշում է անհրաժեշտ, երբ այն լինի, ապա մեծ հաճույքով կմասնակցի:

«Արդյունքը կախված է պահանջներից և լոզունգներից: Իրենց կառաջարկեմ, որ իրենք լուրջ հարցեր բարձրացնեն, օրինակ՝ «Սերժիկ, հեռացիր»: Եթե դասադուլ ես անում ու կոնկրետ պահանջով հանդես չես գալիս, ապա արդյունքի չի հանգեցնի»,- վստահ է Արշակը՝ կարծելով, որ դասադուլավորները լուրջ կազմակերպչական խնդիրներ ունեն:

Հիշեցնենք, որ դասադուլը մեկնարկել է փետրվարի 25-ից:

 

 

Նախորդ հոդվածը‘Amnesty International-ը ակցիա է անցկացնում՝ ի պաշտպանություն Նոբելյան մրցանակակիր Լյու Սյաոբոյի’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը Գորիսում օգնել է տատիկին լվալ խանութի շեմքը’