‘Հայացք Մոսկվայից. Չի բացառվում, որ Կիևը կդադարեցնի իր անդամությունը ԱՊՀ-ում’

855

Ուկրաինայի ներկայիս ճգնաժամը, անկասկած, հզոր հարված կհասցնի ԱՊՀ-ին: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է արտահայտել Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Մոսկվա) տնօրեն Վլադիմիր Եվսեևը:

«ԱՊՀ-ն ավելի շուտ կպահպանվի, ինչպես 2008 թվականի օգոստոսին Կովկասում տեղի ունեցած պատերազմից հետո, բայց այն լրջորեն կթուլանա: Առաջին հերթին դա կանդրադառնա ԱՊՀ ռազմական կառույցների վրա: Լիովին հնարավոր է, որ ուկրաինական նոր ղեկավարությունն ամբողջովին դուրս գա դրանց կազմից, ինչպես նաև հետևի Վրաստանի օրինակին, դադարեցնելով իր անդամությունը ԱՊՀ կազմում: Հետագայում շատ բան կախված կլինի Ուկաինայում տիրող իրավիճակից: Եթե նրան հաջողվի ամբողջովին կողմնորոշվել դեպի Արևմուտք, ընդհուպ մինչև ՆԱՏՕ-ի անդամություն, ինչը շատ քիչ է հավանական, ապա ԱՊՀ-ն էապես կթուլանա ներսից»,-ընդգծել է նա:

Եվսեևվը չի գտնում, որ Ուկրաինան կարող է արդյունավետորեն օգտագործել իր նախագահությունը ԱՊՀ-ում, հաշվի առնելով, որ ներկայումս Կիևը դրա ժամանակը չունի: Նրա գնահատականներով, ուկրաինական նոր ղեկավարությունն ավելի շատ մտահոգված է այսպես կոչված ներքին սեպարատիզմի, ինչպես նաև սեփական լիգիտիմության հաստատման պրոբլեմներով: Չնայած, չի բացառվում, որ Կիևը կփորձի նաև ԱՊՀ հարթակն օգտագործել Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը դատապարտելու նպատակով:

Նշենք, որ Ուկրաինայի նոր իշխանությունների նախաձեռնությամբ մարտի 7-ին Կիևում պետք է տեղի ունենար ԱՊՀ երկրների արտգործնախարարների Խորհրդի նիստ: Սակայն, մարտի 6-ի երեկոյան Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Եվգենի Պերեբիյնիսը հաղորդել է, որ նախատեսված միջոցառումը տեղի չի ունենա: «ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը մեզ տեղեկացրեց, որ ԱՊՀ ԱԳՆԽ մասնակիցների խիտ գրաֆիկի պատճառով այդ նիստի կայացումը Կիևում անհնար է: Իսկ Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Անդրեյ Օլեֆիրովն առաջարկել է նիստը հետաձգել մինչև մարտի 12-ը: Լեբեդևն էլ իր հերթին խոստացել է առավելագույն ջանքերը գործադրել, որպեսզի նիստը կայանա»,-հաղորդել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ԵԺԿ նստաշրջանին քննադատել է Թուրքիային եւ Ադրբեջանին’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անօրինական է ճանաչել Ղրիմի հանրաքվեն’