‘Հայկական ավիափոխադրողն Ուկրաինայի տարածքով չվերթներ չի իրականացնում ‘

906

Հայկական ավիափոխադրող «AIR Armenia» ընկերությունն Ուկրաինայի տարածքով չվերթներ չի իրականացնում, իսկ միջազգային փոխադրողներն իրենք պետք է որոշեն չվերթների երթուղիները: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես են կարգավորվելու Հայաստանից Ուկրաինա չվերթները, երբ շատ միջազգային փոխադրողներ հրաժարվել են չվերթներ իրականացնել ուկրաինական տարածքով:

ՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Հրան Միրզոյանն էլ լրատվամիջոցին տեղեկացրեց, որ Հայաստանից դեպի Ուկրաինա չվերթներ է իրականացվում միայն «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը, որն էլ այսօր նորմալ իրականացրել է չվերթը: ««Ուկրաինական ավիաընկերությունն այսօր Հայաստանից նորմալ թռիչք է իրականացրել: Չվացուցակով թռիչքն իրականացվել է առավոտյան ժամը 06:50-ին, և ինքնաթիռը նորմալ վայրէջք է կատարել Կիևում»,- ասաց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Դոնեցկի մարզում, ուկրաինա-ռուսաստանյան սահմանից ոչ հեռու հուլիսի 17-ի երեկոյան վթարի է ենթարկվել մալայզիական ավիաուղիների Boeing 777 օդանավը: Ինքնաթիռում եղել է 295 մարդ, բոլորը զոհվել են:

 

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկին սպանած թիկնապահները կալանավորվել են’
Հաջորդ հոդվածը‘Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգը» տեխստուգում էր անցել մեկ շաբաթ առաջ’