‘«Հայկական Ժամանակ». Արման Բաբաջանյանը թիկնապահներո՞վ է շրջում’

1241

«Հայկական ժամանակ» օրաթերթը զանգահարել է «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին՝ հետաքրքրվելով, թե որքանով է ճիշտ համացանցում տարածված այն տեղեկությունը, որ վերջինիս առնվազն երկու թիկնապահական մեքենաներ են ուղեկցում, իսկ թիկնապահները ոստիկանության աշխատակիցներ են: «ՀԺ»-ի թղթակիցը նաև հարցրել է, թե արդյոք Բաբաջանյանի կյանքին վտանգ է սպառնում:

Արման Բաբաջանյանը պատասխանել է, թե մեքենաներ իրեն չեն ուղեկցում, չնայած սպառնալիքներ հաճախ է ստանում:

«ՀԺ»-ն այդ հարցով նաև դիմել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանին, ով խնդրել է ավելի ուշ զանգահարել՝ պատասխանը ստանալու համար: «ՀԺ»-ն նշել է, որ ավելի ուշ զանգելուց հետո զրույցը տարօրինակ ընթացք է ստացել, և ներկայացրել զրույցի սղագրությունը:

ՀԺ – Պարոն Մալխասյան, պարզեցի՞ք Ա.Բաբաջանյանին պահպանության տակ առնելու լուրի իսկությունը:

Մալխասյան – Ինքը տվել է մեկնաբանություն հենց «Հայկական ժամանակին»:

ՀԺ – Ե՞րբ է տվել:

Մալխասյան – Դե չգիտեմ, տվել ա պարզաբանում: Զանգեք իրեն մի հատ:

ՀԺ – Մենք ոստիկանությունից ենք պարզաբանում խնդրում:

Մալխասյան – Բայց հարցը իրա հետ կապված ա, իրանից միգուցե ճշտեք:

ՀԺ – Պարոն Մալխասյան, փաստորեն մենք ձեզ հարցում ենք արել, դուք էլ զանգել եք Բաբաջանյանի՞ն:

Մալխասյան – Չհասկացա:

ՀԺ – Մենք ոստիկանությունից պարզաբանում ենք պասում:

Մալխասյան – Ես ասացի՝ ում մասին խոսքը գնում է, պետք է իրենից ճշտեք:

«Ահա այսպիսի աներևակայելի երկխոսություն ՀՀ ոստիկանության ներկայացուցչի և լրագրողի միջև, որից առնվազն հետևյալ հարցերն են բխում. ինչո՞ւ ոստիկանությունը չի հերքում, որ Ա.Բաբաջանյանին թիկնապահներ է տրամադրել, եթե նման բան չկա, ինչո՞ւ է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը լրագրողի հարցին պատասխանելու համար ժամանակ խնդրում և այդ ընթացքում կապ հաստատում թերթի խմբագրի հետ (միայն այդ ճանապարհով կարող էր Մալխասյանը տեղյակ լինել, որ Բաբաջանյանը մեզ «մեկնաբանություն է տվել»), այդ երբանի՞ց է ոստիկանությունը սկսել իրեն վերաբերող հարցերին ի պատասխան՝ երկրորդ կողմին դիմելու ճանապարհ ցույց տալ: Հարցերի շարքը չենք շարունակում, ակնկալելով, որ վերը շարադրվածների վերաբերյալ սպառիչ պատասխան կստանանք», – մեկնաբանում է «Հայկական ժամանակը»:

Հիշեցնենք, որ օրերս համացանցում տարածվել էր մի լուսանկար, որում պատկերված էին 2 ավտոմեքենա, որոնք, ինչպես գրում էր հեղինակը, ոստիկանապետ Վովա Գասպարյանի կողմից տրամադրվել են Ա. Բաբաջանյանին ուղեկցելու համար:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն «բարեւներ» է փոխանցել’
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերի 17-ն Ուսանողների միջազգային օրն է’