‘Հայրիկը ժայռ է, որի հիմքերը Հայոց հողի ընդերքում են’

2462

Վերջին օրերին  «Երազ իմ երկիր հայրենի» երգը նորից փոթորիկ է բարձրացրել առանձին շրջանակներում: Քիչ է` ժամանակին կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին հաջողվեց սեփականել Հայրիկ Մուրադյանի հեղինակությամբ ու կատարմամբ հնչած այս երգը, քիչ է` ոմանք այն անգամ Համո Սահյանին էին վերագրում հետմահու, հիմա էլ գրող Աղասի Այվազյանի այրին` Գրետա Վերդյանն է հայտարարում, թե երգը գրվել է իր ամուսնու` բոլորիս սիրելի Աղասի Այվազյանի կողմից:

 Հարցի վրա լույս է սփռում Հայրիկ Մուրադյանի որդին` Լեւոն Մուրադյանը, ով նույնպես երաժիշտ է ու բնակվում է Պորտուգալիայում:

 Հայրիկ Մուրադյանի համար երգը աղոթք էր:

Հայ մշակույթի մերօրյա առաքյալի համար Հայոց երգն իրոք խորան էր, որտեղից նա հնչեցնում էր Հայ շինականի, ազնվականի ու զինվորի, ուղղակի Հայ մարդու հոգու մրմունջը…

Վերջին օրերին կրկին աշխուժացել են խոսակցությունները «Երազ իմ Երկիր Հայրենի» երգի շուրջ, որոնք հին են այնքան, որքան այն դավադրութունը, որն սկսվեց երգի ստեղծման հետ միաժամանակ: Իմ աչքի առջեւ ստեղծված այդ երգը, որի ընթացքի ամեն ակնթարթին ներկա եմ եղել, այնուհետեւ վերածվեց ամենամանրահոգի առեւտրի առարկայի, եւ ցավալին այն է, որ այդ հոգևոր չարչիությունը շարունակվում է մինչ օրս՝ պատիվ չբերելով բոլոր նրանց, ովքեր փորձում են իրենց անբարո միջամտություններով ավելի աղավաղել երգի ստեղծման պատմութունը:

Ես իրականում կգերադասեի լռել և չխառնվել, իբր` երգի հեղինակներին բացահայտել փորձողների բանակին: Սակայն գերադասեցի բարձրաձայնել՝ ներկայացնելով նաև այս տհաճ պատմության սկզբում իսկ հենց իր՝ Հայրիկ Մուրադյանի՝ իսկական հայ ազնվականի պահվածքը:

Իմ դիրքորոշումն  այս խնդրի վերաբերյալ և իրականությունը բացահայտելու իմ ցանկությունը բխել են  հորս նկատմամբ անսահման հարգանքից՝ պահպանելով այնպիսի մարդու կեցվածքը, որ վայել է Հայրիկի նման մեծությանը միայն: Մեծություն, որ կյանքի նկատմամբ ազնվական կեցվածքն ապացուցել է իր թողած ժառանգությունով, անխոնջ աշխատանքով եւ ազգային տեսակին և ազգային՝ եղեռնապուրծ մշակույթին ունեցած իր անսահման նվիրումով: Հավատարիմ մնամ նրա փիլիսոփայությանը, որ անհասանելի կարող է լինել շատերի համար, մանավանդ՝ այս երգի պատմության ջրերը պղտորողների:

Միայն երգի նկատմամբ սերը չէր, որ Հայրիկը գնում էր ազգային մշակութային գանձերի հետքերով՝ հատիկ առ հատիկ փրկելով մեր երգերը: Հայրիկը երգ չէր փրկում, այլ մեր տեսակը, Հայու իսկական տեսակը, վեհ, անաղարտ, առաքինի և ազնվաբարո տեսակը:

Հաճախ լռությունը ավելին է ասում, քան բարձրաձայն  խոսքը:

Հայրիկին օտար էին բոլոր նրանք, ովքեր անդեմ էին, խաբուսիկ: Մեծերը չեն խոսում, լավագույն պատառի կռիվ չեն տալիս, այլ՝միայն գաղափարի: Նրանք արարում են…

Մինչ այսօր աչքիս առջեւ պահպանվել են պատկերներ, թե ինչպես էին Հայրիկը եւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն աշխատում այդ երգի ստեղծման վրա: «Հայրիկ» ֆիլմի համար անհրաժեշտ երգի ստեղծման համար Ռոբերտը դիմեց Հայրիկին` միասին աշխատելու առաջարկով, որը հայրս ընդունեց սիրով: Ստեղծվելիք երգը ազգային հոգով ու ոգով լի պետք է լիներ, ուստի, Ռոբերտը լավագույն ընտրությունն էր կատարել` երգի ստեղծման համար դիմելով Հայրիկին: Հայրս գրեց երգի համար բառերը, որի հիման վրա ստեղծվեց նաեւ մեղեդին: Նրանք գրեթե ամեն օր աշխատում էին մեր տանը: Հիշում եմ, թե ինչպես էր Հայրիկը երգում մեղեդին, իսկ Ռոբերտը գրառում էր եւ հարմոնիաներ հարմարեցնում: Մեր տունը միշտ լի էր Հայրիկի նվիրյալ բարեկամներով, որոնցից շատերը ակամա երգի ստեղծման ականատեսները եղան:

Այնուհետեւ ավարտվեցին ֆիլմի աշխատանքները: Տարօրինակորեն` ֆիլմում Հայրիկի անունը նշված էր միայն որպես երգի կատարող, եւ ոչ մի խոսք` բանաստեղծության կամ մեղեդու ստեղծման մասին: Հայրիկն անսահման վիրավորված էր, սակայն իրեն արժանավայել պահվածք ընդունեց: Նա երբեք այլեւս չխոսեց կոմպոզիտորի հետ:

Հրաշալի ֆիլմ էր ստեղծված մեր մեծերի` Աղասի Այվազյանի, ռեժիսոր Հենրիկ Մալյանի եւ, ինչու ոչ, նաեւ կոմպոզիտորի աշխատանքի շնորհիվ, եւ ոչ մեկը մյուսի աշխատանքի սեփականացման կարիքը չուներ: Ցավալիորեն՝ նման անպատվաբեր արարքով երգի կենսագրությունը խճճվեց,  եւ շարունակվում է մինչ օրս` ամեն անգամ նոր հավակնորդ «հեղինակների» ցանկն ավելացնելու մոլուցքով: Համո Սահյանն ու Աղասի Այվազյանը մեր միջամտության կամ մեր պաշտպանության կարիքը չունեն: Նրանք արդեն մեծ են իրենց գործով:

Զավեշտն այն է, որ Ամիրխանյանը շարունակեց իր ապաշնորհ և կեղծարար բեմադրությունը, եւ, որպես ներկայացման երկրորդ գործողություն, տարիներ անց՝ 1995թ. հոկտեմբերի 8-ին, «Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցում սուտ վկայություն արեց, թե երգի կատարողն էլ ինքն է… Աստված իմ, մի՞թե մարդիկ չեն ճանաչում Հայրիկի այդքան սիրված ձայնն անգամ: Իսկ վերջերս, ֆիլմի թվայնացումից հետո, Հայրիկի անունը մակագրերից վերացավ ընդհանրապես` նաեւ որպես երգի կատարող…

Հայրիկն իր կողմից փրկված ու ժողովրդի հոգու գանձարանը վերադաձված հարյուրավոր երգերի կողքին որեւէ երգ իրեն վերագրելու կարիք չուներ: Հայրիկը ժայռ է, որի հիմքերը Հայոց հողի ընդերքում են, և ում մեկ հարվածով ոչ միայն անդունդը չես նետի` առանց ինքդ Քեզ վտանգելու:

Ուրեմն, այսօր, մանավանդ երբ անցնում են ամեն տեսակ բարոյական սահմանները, հանուն արդարության, ինչպես նաեւ հարգելով Հայրիկի հիշատակը՝ պարտավոր եմ եւ պատրաստ եմ ամեն ամբիոնից բարձրաձայնել ճշմարտությունն այս երգի մասին: Մի երգ, որն իրավացիորեն արժանի եղավ Հայկական Բանակի հիմնը լինել, չպետք է հիմնված լիներ կեղծիքի վրա:

Միեւնույն ժամանակ, Հայրիկի ազնվականությանը վայել կեցվածքով, կոչ եմ անում` վեր կանգնել մտավորականին անվայել գզվռտոցից, երգը սեփականաշնորհելու մոլուցքից և առանց երգն իսկ արժեզրկելու, առանց այս ամբողջ ցեխակոլոլ լեզվակռվի`  ուղղակի նրան թույլ տալ իսկական ժողովրդական երգի նման շարունակել կերտել հայի տեսակը, հայ զինվորի, հայոց հայրենիքի պաշտպանի տեսակը…

Հարգանքներով՝  Լևոն Մուրադյան

 

Նախորդ հոդվածը‘Էննի Լեյբովիցի 10 ամենասադրիչ լուսանկարները’
Հաջորդ հոդվածը‘Ուելս — Մակեդոնիա հանդիպումը կսպասարկեն Հայ մրցավարները’