‘Հայ ազգային կոնգրեսը սգում է Սամվել Գեւորգյանի մահը’

2477

Կյանքից հեռացավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամության տիտղոսն արդեն բավարար կլիներ յուրաքանչյուրի ներդրման ու վաստակի ահռելիությունը գնահատելու համար, եթե մեր հասարակական-քաղաքական միտքն ու պատմագրությունը դույզն օբյեկտիվություն պահպանած լինեին 1988-ից այս կողմ տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ։

1988-ին հարթակ բարձրացած առաջին հռետորներից էր Սամվել Գեւորգյանը, Կոմիտեի ամենաժրաջան անդամը, ամեն տեղ ներկա, ամեն տեղ հասնող, ամեն հարցով զբաղվող։ Ղարաբաղյան շարժման հիմնարար արժեքներին հավատարմությունը, սկզբունքայնությունը, բացառիկ ազնվությունը, կեղծիքի նկատմամբ անհանդուրժողականությունն ու անսպառ եռանդը մինչեւ վերջ մնացին նրա` որպես անհատի ու քաղաքական գործչի անփոփոխ բնութագրիչները։

1990թ. Հայկական ժողովրդավարական շարժման հաղթանակի, Հայաստանի անկախացման, պետականության կայացման տարիներին Սամվել Գեւորգյանն այդ ամենն արարողների առաջին շարքերում էր՝ հավասարապես որպես զինվոր եւ որպես կազմակերպիչ ու ղեկավար։ Նրա խմբագրությամբ հրապարակվեց Հայաստանում առաջին ոչ իշխանական, Հայոց համազգային շարժման բազմատիրաժ «Հայք» թերթը։ Նա Հայոց համազգային շարժման վարչության անփոփոխ անդամներից է, 1990-95թթ. ՀՀ Գերագույն խորհրդի եւ 1995-99թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ։

Իր մարդկային եւ քաղաքական որակների թելադրանքով Սամվել Գեւորգյանը, բնականաբար, պիտի հայտնվեր ընդդիմադիր ճամբարում՝ Հայաստանում սահմանադրական կարգի խաթարումից հետո։ 2007թ. աշնանից ծայր առած համաժողովրդական շարժման առաջին շարքերում էր Սամվելը` առաջին իսկ օրից։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամը, նախկինում բարձրաստիճան պաշտոնյան, առանց ամենաչնչին հավակնոտության, ամեն տեղ էր, որտեղ կարող էր օգտակար լինել՝ անսպառ թվացող երիտասարդական եռանդով, զարմանալի բծախնդրությամբ եւ ուսանելի պատրաստակամությամբ։

Հայ Ազգային Կոնգրեսը խորապես սգում է հարազատ ընկերոջ, իրոք` անբասիր քաղաքական գործչի, իրական մտավորականի անդառնալի կորուստը, ցավակցում հանգուցյալի ընտանիքին եւ հարազատներին։

***

Սամվել Գեւորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 18-ին, ժամը 18-ին, Կոնդի սբ. Հովհաննես եկեղեցում։

Թաղումը` հունիսի 19-ին`նույն եկեղեցուց, ժամը 14-ին, Երեւանի քաղաքային պանթեոնում։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ

Նախորդ հոդվածը‘Շենգավիթում ջուր չի լինի ‘
Հաջորդ հոդվածը‘Իրաքի բանտում սպանվել են տասնյակ կալանավորներ’