‘Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների ելույթները Սարյանի պուրակում (Տեսանյութ)’

2194

Սարյանի պուրակում՝ 2009թ-ից քաղաքական զբոսանքների վայր հանդիսացող այգում այսօր Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորները քաղաքացիներին հաշվետվություն ներկայացրին իրենց կատարած աշխատանքի մասին, ինչից հետո պատասխանեցին քաղաքացիների հարցերին:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իր խոսքում նշեց, որ այսօր կան չորս խմբակցություններ, ովքեր քվեարկում են միաձայն եւ դրա արդյունքում իշխանական բլոկը հասել է եզրին: «Մեկ երկու ձայնի կորուստը ՀՀԿ-ի համար կարող է լինել մահաբեր: Բոլոր մեր վերջին քվեարկությունները ցույց են տալիս, որ նրանք ունեն 66-67 ձայն, որը եզրին է: Ամիսներ հետո չեն լինելու նաեւ այդ 66 -67 ձայները, որովհետեւ իշխանությունը քանդվելու է ներսից: Մի քանի ամիս հետո վկա եք լինելու, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն չի ունենալու մեծամասնություն»,- նշեց Մանուկյանը:

Նա նաեւ ներկայացրեց, թե ընդդիմությունն այս երկու տարիների ընթացքում ինչ աշխատանքներ է իրականցրել ԱԺ-ում եւ ինչի է հասել: Մասնավորապես, խոսելով գազի գնի մասին՝ նա նշեց,- «Եթե մեր խմբակցությունը չլիներ, գազի գնի այս այլանադակությունները չէին բացահայտվի: Մենք հասել ենք այնպիսի հաջողության, որ եթե մի քիչ էլ պինդ լինենք, հնարավոր է, որ կարողանանք հասնել նաեւ գազի գնի իջեցմանը: Ես այս կապակցությամբ հույսեր չունեմ, բայց մենք պայքարելու ենք այդ ուղղությամբ, դա աննախադեպ կլինի»,- հավելեց ՀԱԿ քարտուղարը:

Էլեկտրաէներգիայի գնի մասին խոսելիս՝ Մանուկյանը նշեց, որ այդ այլանդակությունը եթե չբացահատվեր, իսկ քառյակի ուժերը չաջակցեին, ապա գինը 50-60 դրամի էին հասցնելու: «Սա բացահայտ թալան է: Էս իշխանությունները Հայաստանի ամբողջ եղածը ծախելու են ջրի գնով՝ մենակ իրենց իշխանությունը պահելու համար: Գռփելու են բոլորին: Սա է իշխանության ծրագիրը, եւ այդ ծրագրի դեմ մեր քառյակը փորձում է կռիվ տալ ԱԺ-ում: Մենք չլինեինք, ոչ մեկը չէր իմանա այս ամենի մասին, սա մեր համատեղ աշխատանքի արդյունքն է: Մեր աշխատանքը եղել է դրական ու արդյունավետ, ոչ էն չափի, որ կերազեինք, բայց համբերատար, հանգիստ մենք այդ հետեւողական աշխատանքը պետք է տանենք ու կարիք ունենք ձեր աջակցությանը: Մենք այնտեղ թույլ ենք, եթե չկա քաղաքացիների աջակցությունը, միտինգների սպառնալիքները: Մեր բարձր խոսելը ձեր թափից է կախված, եւ ես իմ անունից շնորհակալություն եմ ուզում հայտնել նրանց, ովքեր մեզ հավատում ու վստահում են, ովքեր մեր կողքին են, որովհետեւ միայն այդպես կարող ենք հասնել հաջողության»,-ասաց Արամ Մանուկյանը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մանրամասն խոսեց այն մասին, թե ինչպես 7 հոգով իրենք կարողացան ԱԺ-ում փոխել իրավիճակը: «2012-ին մարդիկ ասում էին՝ ի՞նչ գործ ունենք, որ մանդատները վերցնում ենք, ի՞նչ եք անելու այդ ոհմակի դեմ, իմաստ չունի: Երբ մենք հիշեցնում էինք 1990 թվականը, երբ սկզբում 2 հոգի, հետո 5 հոգի Ղարաբաղ կոմիտեից մտան ԱԺ, կարողացան ողջ մթնոլորտը փոխել, ասում էին՝ էն ժամանակ վիճակը այլ էր, դա սովորական կոմունիստական պառլամենտ էր, որտեղ խոսացող չկար, դա քաղաքական թիմ չէր, եւ դրա համար էլ ստացվեց ողջ վիճակը վերցնել շարժման ձեռքը: Իսկ հիմա գնալու եք 7 հոգով, այնտեղ թրծված քաղաքական թիմեր են, ավազակապետության ջոջեր, որ խոսել էլ գիտեն, լկտիություն էլ ունեն, ամեն ինչի էլ պատրաստ են: Այդ միջավայրում ոչինչ չեք կարողանալու անել: Ճիշտ էին ասում: Բայց հիմա մի քիչ գլուխ գովեմ եւ ասեմ, որ իսկապես խնդիրն ավելի բարդ էր, բայց մենք այդ խնդիրը կարողացանք լուծել»,- ասաց նա:

Զուրաբյանը նշեց, որ լրջագույն զարգացումներ կան: «Դրանցից առաջինն այն է, որ մենք հասել ենք նրան, որ արդեն իշխանությունը գտնվում է իր աօպրինի մեծամասնությունը կորցնելու շեմին: Սա ավելի կարեւոր է, քան ԱԺ-ում իրավիճակը մեր տիրապետության տակ վերցնելը»,- ասաց նա:

«Ավելի կարեւոր բան է կատարվել: Մտովի գնացեք 2008 եւ հիշեք, որ Կոնգրեսը մենակ էր պայքարոմ: Ընդ որում, շատ երկար ժամանակ: Իշխանությունն էլ համախմբված էր,  եւ լուրջ քաղաքական ուժեր աջակցում էին նրան: Հինգ տարի հետո իշխանությունն է մնացել մենակ, նրան լքել է անգամ ՕԵԿ-ը: Այսինքն, իշխանությունը սրնթաց կորցնում է իր ազդեցությունը եւ հայտնվում է մեկուսացված վիճակում:  2011-ին մենք հասկացանք, որ մենք ենք գտվում մեկուսացված վիճակում, դրանից հետո մշակեցինք նոր ռազմավարություն, որի գլխավոր արդյունքն այն է, որ այսօր մեկուսացվածության մեջ է հայտնվել իշխանությունը»,- նշեց Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ ներքին մեկուսացումը ֆակտորներց մեկն է: «Երկրորդ ֆակտորը արտաքին քաղաքականության մեջ իշխանության մեկուսացումն է: Նույն 2008, 2009, 2010-ին իշխանությունը վայելում էր ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Եվրոպական միության, ե՛ւ ԱՄՆ-ի համարյա անվերապահ աջակցությունը: Պատճառները՝ գիտեք: Հիմա իրենց վարած անհեռատես սխալ քաղաքականության արդյունքում, որով խախտեցին այն դոկտրինը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանը դրել էր մեր արտաքին քաղաքականության հիմք, (այն է, որ Հայաստանը կարող է հաջողություն ունենալ բալանս պահելով Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ), Սերժ Սարգսյանը  սկզբից կորցրեց Արեւմուտքի, իսկ հիմա նաեւ Ռուսաստանի աջակցությունը»:

Զուրաբյանը նաեւ նշեց, որ այժմ Ղարաբաղի հարցում մութ ամպեր են կուտակվել Հայաստանի վրա եւ Սերժ Սարգսյանը մանեւրի որեւէ ազատություն չունի:

«Ջհանդամը՝ չունի, բայց ստացվում է, որ մենք էլ չունենք, Ղարաբաղն էլ չունի այդ ազատությունը: Բայց կա նաեւ երրորդ մեկուսացումը, որը գուցե ամենակարեւորն է: Դա մեր հասարակության, եթե ուզում եք իմանալ՝ պետական ապարատի կողմից մեկուսացումն է: Սերժ Սարգսյանը այնքան ակնհայտաբար է ձախողել ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականությունը, որ սա արդեն ակնհայտ է դառնում բոլորի, անգամ իր հենարան հանդիսացող պետական ապարատի, եւ անգամ մի բան էլ գաղտնիք ասեմ, անգամ ՀՀԿ շատուշատ անդամների համար: Այ էս մեկուսացումից ինքը դուրս գալու հնարավորություն չունի եւ մեր բոլորիս պարտքն է աշնանը, եթե ոչ ավելի շուտ, այս մարդուն՝ այս բանկրոտին պատասխանատվության կանչել»,- հավելեց Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ արտաքին քաղաքականության ոլորտում Սերժ Սարգսյանը այժմ սնանկ է: «Վերհիշենք 2008-ի իրավիճակը, այն համատարած՝ բոլոր կողմերից եղած աջակցությունը, որ ուներ Սերժ Սարգսյանը 2008-ին եւ համեմատենք այսօրվա իրավիճակի հետ: Հաստատ կարող ենք ասել, որ ինքը մնացել է միայնակ»,- ասաց նա:

Կարապետյանը նաեւ խոսեց մի բլեֆից, որը իշխանություններն ուզում են ներարկել թե՛ իրենց թիմում կոնսոլիդացիա ապահովելու, թե՛ ընդդիմությանը մոլորության մեջ գցելու համար: «Դա այն խոսակցություններն են, թե իբրեւ նոր գործընթաց կա արտաքին քաղաքական ոլորտում Թուրքիայի հետ, իբրեւ թե կան միջնորդական օժանդակությամբ քննարկումներ: Սերժ Սարգսյանը ներքին լսարանին հասկացնել է տալիս, թե գալու է այն իրավիճակը, ինչը նա արեց 2008-ին: Դուք էլ շատ լավ գիտեք, որ այսօրվա իրավիճակը շատ այլ է եւ որեւէ համեմատություն չկա 2008-ի հետ: Ավելին, դրա մասին շատ լավ գիտեն թե՛ միջնորդները, թե՛ առանձնապես թուրքերը: Հետեւաբար, կարող եմ հավատացնել, որ այդ խոսակցությունները որեւէ հիմք չունեն: Ավելին, նման մեկուսացված եւ թույլ վիճակում, որում գտնվում է Սերժ Սարգսյանը, որը չունի աջակցություն ոչ մի մայրաքաղաքից, եթե նա ձեռնամուխ լինի նոր գործընթացի՝ վնաս կբերի Հայաստանի շահերին»,- շեշտեց Կարապետյանը:

Նա նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանը ձախողել է նաեւ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության բանակցությունները: «Իր խնդրանքը՝ մինչեւ հուլիսի 15-ը հաստատել Հայաստանի անդամակցությունը, անտեսվել է, արհամարվել է Մոսկվայի եւ ոչ միայն Մոսկվայի կողմից, նաեւ Ղազախստանի եւ Բելառուսի կողմից: Բնականաբար, նման ձախորդ քաղական գործչի հետ հեռահար նպատակ ունեցող պայմանավորվածություններ ձեռք բերելը անիմաստ է»,- հավելեց Վլադիմիր Կարապետյանը:

Նախորդ հոդվածը‘Ղրիմ. Կիևը սկյութների ոսկու հավաքածուի նկատմամբ իրավունքներ չունի’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում Ֆրանսիական համալսարանը կունենա նոր կրթական ծրագիր’