‘Հայ իրավապաշտպանները Մամիկոն Խոջոյանի խոշտանգումների համար հայց կներկայացնեն ՄԻԵԴ’

767

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը նախապատրաստվում է դիմել միջազգային կազմակերպություններին` բարձրաձայնելու ադրբեջանցիների կողմից գերի ընկած և վերջերս հայրենադարձված Մամիկոն Խոջոյանի խոշտանգումների վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրել է մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը` նշելով, որ 1-2 շաբաթվա ընթացքում իրենք կփորձեն հայտ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Լարիսա Ալավերդյանը` հավելել է, որ Մամիկոն Խոջոյանը ենթարկվել է ոչ միայն դաժան վերաբերմունքի, այլև խոշտանգումների, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում  է: «Խոշտանգում են մարդուն, որ ստանան տեղեկություններ, բայց Մամիկոն Խոջոյանը այն մարդն էր, ով ի վիճակի չէր էլ որևէ տեղեկություն հաղորդել: Ես նույնիսկ կարծում եմ, որ իրենք վերադարձրեցին այս մարդուն` վախենալով, որ նա կմահանա ու այդ դեպքում իրենց հանցագործությունն առավել ծանր կլինի»,- Լարիսա Ալավերդյանը` կարևոր համարելով այն հանգամանքը, որ ադրբեջանցիների հերթական սադրիչ վարկածը, թե Մամիկոն Խոջոյանը դիվերսանտ է, հերքվել է իրենց իսկ առաջադեմ քաղաքացիների կողմից: «Այդ վարկածն այնքան պրիմիտիվ ու մարազմատիկ էր, որ առաջադեմ մտածող անձանց համար հնարավոր չէր ընդունել այդ վարկածը»,- Լարիսա Ալավերդյանի խոսքերն է մեջբերում «Արմենպրեսը»:

Նախորդ հոդվածը‘ Ուորլիք. Շվեդիան շահագրռգված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Արագածոտնի 6 գյուղերի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (Ուղիղ)’