‘Հայ-ռուսական համաձայնագրերի հակապետական բովանդակությունը ‘

1253

Ներկայացնում ենք մի հատված այսօրվա «Հայկական ժամանակ» օրաթերթի «Գազպրոմստանի ղեկավարները» հոդվածից: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Մի քանի օրից՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ ազգային ժողովի «նժդեհական» մեծամասնությունը կվավերացնի հայ-ռուսական մի քանի համաձայնագրեր, որոնց շնորհիվ Հայաստանը կդառնա ռուսական «Գազպրոմ» ընկերության տնտեսական գործունեության համար անհրաժեշտ տարածք, եւ ընդամենը: Համաձայնագրերից մեկը ունի հետևյալ անվանումը. «ՀՀ կառավարության եւ ՈԴ կառավարության միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ ի բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայ֊մանների մասին»: Եւ ահա, այդ համաձայնագրով «Գագպրոմը» Հայաստանում ստանում է վերսահմանադրական, վերպետական, վերօրենսդրական կարգավիճակ: Եւ սա  չափազանցություն չէ: Համաձայնագրով, օրինակ, սահմանված է, թե ինչպես է ՀՀ կառավարությունը  «Հայռուսգազարդում» ունեցած իր 20 տոկոս մասնաբաժինը վաճառելու «Գազպրոմին»: Այսպես. ««Գազպրոմ» ԲԲԸ կողմից «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի նշված փաթեթի ձեռքբերումը իրականացվում է ուղիղ վաճառքի ճանապարհով՝ առանց  ՀՀ օրենսդրությամբ պահանջվող որեւէ համաձայնեցումների եւ թույլտվությունների ստացման անհրաժեշտության, այդ թվում՝ հակամենաշնորհային մարմինների համաձայնեցումների»: Ակնհայտ է դառնում, որ ՀՀ օրենսդրությամբ պետական ունեցվածքի վաճառքի այլ ճանապարհներ են նախատեսված, բայց համաձայնագրով հստակ սահմանվում է, որ պետք է տեղի ունենա ՀՀ օրենսդրության խախտում: Մեկ այլ մեջբերում. «2013թ. հունվարի 1-ից «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի համար շահութահարկի դրույքը սահմանվում է 20 տոկոսի չափով»: Սա նշանակում է, որ այս համաձայնագրով « Հայռուսգազարդի» համար սահմանվում է հարկային հատուկ ռեժիմ: Եթե, օրինակ, անհրաժեշտություն ծագի Հայաստանում շահութահարկի դրույքը փոխել ու դարձնել, ասենք, 30 տոկոս, ապա դա կազդի ՀՀ բոլոր տնտեսվարողների վրա, բացի «Հայռուսգազարդից»: Իսկ սա նշանակում է, որ «Գազպրոմը» Հայաստանում ձեռք է բերում հարկային դրույքաչափեր սահմանող գերատեսչության կարգավիճակ: էլի մի մեջբերում.« Հայկական կողմը երաշխավորում է, որ «Գազպրոմ» ԲԲԸ-ի ներդրումները եւ նրա եկամուտները, ինչպես նաև ՀՀ տարածքում «Գազպրոմ» ԲԲԸ-ի կամ նրա փոխկապակցված անձանց պատկանող ցանկացած գույքը օգտվում են ՀՀ լիակատար եւ անվերապահ պաշտպանությունից եւ չեն կարող ենթարկվել ուղիղ կամ անուղղակի բռնագրավման, ազգայնացման կամ ռեկվիզիցիայի…»: Այսինքն, ինչ էլ պատահի, ինչպիսի գույքային կամ ֆինանսական պարտավորություններ էլ «Հայռուսգազարդը» կուտակի, ինչպիսի օրինական պահանջներ էլ ունենա ՀՀ կառավարությունը այդ ընկերության նկատմամբ, նրա գույքը բռնագրավման կամ ազգայնացման ենթակա չէ: Եթե որեւէ տնտեսվարող սուբյեկտ Հայաստանում չի կատարում իր հարկային պարտավորությունները, ապա ի վերջո նրա գույքն ու եկամուտները ենթակա են բռնագրավման դատական կարգով: Վերը նշված մեջբերման մեջ նման հնարավորությունը «Հայռուսգագարդի» դեպքում փաստորեն բացակայում է:Նմանատիպ դրույթներ համաձայնագրում շատ են՝ չափազանց շատ: Ու ակնհայտ է, որ այս համաձայնագրով «Գազպրոմը» ստանում է բազում իրավունքներ: Փոխարենը՝ հայկական կողմը ստանձնում է միայն պարտավորություններ: Եւ ըստ համաձայնագրի, այդ վիճակը ձգվելու է մինչեւ 2043 թվականի դեկտեմբերի 31-ը:  

Հայաստանին գազի մատակարարումը դառնում է մի բիզնես, որում ընդհանրապես բացակայում է ռիսկը: Այսինքն՝ բացի նրանից, որ այդ համաձայնագրով ռուսական ընկերությունը Հայաստանում ստանում է վերպետական կարգավիճակ, նաև խուսափում է որևէ բիզնես ռիսկից: Հայաստան կոչվող պետությունը այսուհետ իր կյանքն ու գործունեությունը պետք է կազմակերպի այնպես, որ հանկարծ «Գազպրոմը», ի դեմս «Հայռուսգազարդի՝» վնասներ չկրի: Օրինակ՝ Հայաստանում «Հայռուսգազարդի» մատակարարած ծառայությունների համար պետք է սահմանվեն այնպիսի սակագներ, որ դրանք ապահովեն ներդրումների 9 % տարեկան վերադարձելիություն: «Հայռուսգազարդը» պետք է ստանա «արտահանման համար առավելագույն հնարավոր էլեկտրաէներգիայի առաքման ծավալ», պետք է ստանա «Իրան-Հայաստան 400 կվ ԷՀԳ-ին միանալու նախապատվություն» և այլն և այսպես շարունակ: Եւ ուրեմն, ի՞նչ է ստացվում: Եթե օրերից մի օր, ասենք, Վրաստանը որոշի, որ Հայաստանից էլէներգիա է գնելու, ապա այդ էլէներգիան Հայաստանից արտահանելու առաջնային իրավունքը հենց «Հայռուսգազարդինն» է: Որևէ այլ տնտեսվարող սուբյեկտ էլէներգիա կարող է արտահանել միայն  այն դեպքում, եթե «Հայռուսգազարդը» հրաժարվի: Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրագիծը կառուցվելու դեպքում նույնպես դրան միանալու առաջնահերթությունը պատկանում է «Հայռուսգազարդին»: Մի տեսակ, տպավորություն է ստացվում, որ այս համաձայնագրերով «Գազպրոմն» ու «Հայռուսգազարդը» ստանում են միջնադարից հայտնի «առաջին գիշերվա իրավունքը»: Բանը հասել է նրան, որ եթե նույնիսկ մի օր Հայաստանի ընդերքում գազ հայտնաբերվի, ապա «Գազպրոմն» ու «Հայռուսգազարդը» ավտոմատ  կերպով ստանում են այն արդյունահանելու իրավունք:

Ըստ ամենայնի՝ այս գործընթացի դեմն առնելու հնարավորություն չկա: Մի քանի օրից ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ական և ՕԵԿ-ական խմբավորումները կողմ կքվեարկեն այս համաձայնագրերի վավերացմանը, և հաջորդ տարվա հունվարի 1-ից դրանք կմտնեն գործողության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Վալենսան պարտություն է կանխագուշակում Եվրամայդանի համար’
Հաջորդ հոդվածը‘Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ հետաձգվել են Ա. Խաչատրյան սրահում նախատեսված համերգները’