‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1508

Եվրոպական հերթական ուիքենդը կանցնի առանց «Ոսկե գնդակի» 3 գլխավոր հավակնորդների: Բայց առանց դրա էլ՝ այն բավականին հագեցած է հետաքրքիր խաղերով՝ Իսպանիայում տեղի կունենա «Էլ Կլասիկո», Գերմանիայում Կլոպը կվերադառնա «Կոֆաս Արենա», իսկ Վիլաշ-Բոաշը կփորձի խուսափել պաշտոնանկությունից:

«Մայնց 05» — «Բորուսիա Դորտմունդ»

Շաբաթ, ժամը 18:30

Մինչ իր հարազատ ակումբի դեմ խաղը Կլոպը կարողացավ իր խաղացողներից առավելագույնը քամել «Նապոլիի» դեմ խաղում, որտեղ «Բորուսիան» ապացուցեց, որ «Բավարիայից» կրած պարտությունը իրենց չի ոչնչացրել, և նրանք դեռևս կարողանում են հիանալի հակագրոհել. շնորհակալություն Մխիթարյանին:

«Բունդելսիգայում», հնարավոր է, որ իսկապես ավարտվել է չեմպիոնության համար պայքարը, բայց «Բորուսիան», ամեն դեպքում, հենց ներքին առաջնությունում պետք է լավ մարզավիճակ պահպանի մրցաշրջանի կարևոր փուլի համար:

«Տոտենհեմ» — «Մանչեստեր Յունայթեդ»

Կիրակի, ժամը 16:00

Մանչեստերյան մեկ այլ թիմից 6 անպատասխան գնդակ ընդունելուց հետո ավելի մեծ թափ առան այն խոսակցությունները, ըստ որոնց՝ «Տոտենհեմը» բանակցություններ է վարում Յուրգեն Կլինսմանի հետ: Բայց մինչ այդ Վիլաշ-Բոաշը հերթական հնարավորությունը կունենա ապացուցելու իր իրական արժեքը: «Տոտենհեմի» երկրպագուները ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչպես այս ամռանը «Պրեմիեր լիգայում» ամենաշատ գումարներ վատնած ակումբներից մեկը կարող է 12 հանդիպումների ընթացքում ընդամենը 9 անգամ գոլի հեղինակ դարձած լինել: Իսկ «կարմիր սատանաները» կփորձեն լավ եզրափակել իրենց ներկայիս մարզավիճակի համար անակնկալ լավ շաբաթը, որում Մոյեսի սաները 0-5 հաշվով հաղթանակ տարան «Բայեր Լևերկուզենի» նկատմամբ:

«Ատլետիկ Բիլբաո» — «Բարսելոնա»

Կիրակի, ժամը 23:59

Մի օր այն պետք է պատահեր. «Այաքսից» կրած պարտությունը, որտեղ ամենացավալին թիմի խաղի որակն էր, այլ ոչ պարտության փաստը, վերջինը չի լինի մրցաշրջանում: Կարևորը, իհարկե, ինչպես Պիկեն և Ֆաբրեգասն են նշում, այլևս նման «տգեղ» ֆուտբոլ չխաղալն է, իսկ պարտությունը այդքան էլ ցավալի չի իրականում, քանի որ Բարսան ամեն դեպքում ՉԼ-ի «փլեյ-օֆֆ» կորակավորվի առաջին հորիզոնականով: Նույնիսկ Պեպի Բարսան անպարտելի չէր, իսկ Տատայինը չէր էլ կարող այդպիսին լինել: Տատան սկսել է «կանտերանոներ» ներառել առաջին թիմի կազմ, բայց Վալվերդեի թիմի դեմ սպասել Պատրիկին կամ Ադամա Տրաորեին չարժե:

Բասկերը, իրենց հերթին, անցյալ տուրում խաղավարտին խփած Մունիաինի գոլի շնորհիվ 3 միավոր վաստակեցին «Մալագայի» դեմ խաղում և մոտեցան ՉԼ-ի գոտուն, որին այս մրցաշրջանում «Պրիմերայի» թիմերից շատերն են հավակնում:

Ամեն դեպքում՝ իսպանական ֆուտբոլի 3 «Էլ Կլասիկոներից» մեկը, չնայած Ադուրիսի բացակայությանը, խոստանում է բաց ֆուտբոլ երկու թիմերի կողմից էլ, իսկ դարպասում Պինտոյի առկայությունը ու պաշտպանությունում կատալոնացիների խնդիրները՝ նաև գոլառատ արդյունք:

Բացի վերոհիշյալ հանդիպումներից, «Սերիա Ա-ում» տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ «Լացիո» — «Նապոլին» կսկսվի ուղիղ կեսգիշերին, որտեղ նեապոլիտանցիների ձախողման դեպքում հնարավոր է նաև Բենիտեսի պաշտոնանկությունը: Ֆրանսիական «Լիգա 1-ում» կիրակի տեղի կունենա ֆրանսիական ֆուտբոլի նախկին և ներկայիս տիրակալների հանդիպումը՝ ՊՍԺ — «Լիոն» հանդիպումը կսկսվի ժամը 23:55-ին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի շախմատիստներն այսօր կմրցեն Ադրբեջանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Որ փողոցներն են փակվելու Պուտինի այցի օրը. Ցանկ’