‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1392

Չեմպիոնների լիգայի վերադարձը, իհարկե, հրաշալի իրադարձություն է ֆուտբոլասերների համար, ովքեր 1/8-ի շարունակությանը սպասում են հաջորդ շաբաթվա ընթացքում: Իսկ ահա շաբաթ և կիրակի օրերին տեղի կունենա եվրոպական հերթական ուիքենդը, որտեղ թոփ հինգ առաջնություններից երկուսում կամ նույիսկ երեքում («Ռոման» դեռևս պահպանում է «Սկուդետտոյի» հույսեր) շարունակվում է պայքարը չեմպիոնի տիտղոսի համար:

«Չելսի» — «Էվերտոն»

Շաբաթ, ժամը 16:45

Իդեալական պահ Մոուրինյոյի սաների համար, որպեսզի օգտվեն «Սիթիի» և «Արսենալի» տրամադրության անկումից և հաստատվեն առաջին հորիզոնականում: Իդեալական` ժամանակային առումով, բայց ոչ ակումբի ֆունկցիոնալ պատրաստվածության: Տոներից հետո «Պրեմիեր լիգայի» ամենակայուն ֆուտբոլը ցույց տվող «ազնվականները» այժմ բավականին հոգնած տեսք ունեն: Վերջին երկու խաղերում նրանք նախ անսպասելի միավորներ կորցրեցին «Վեսթ Բրոմվիչ Ալբիոնի» հետ խաղում, իսկ հետո նաև պարտվեցին «Մանչեստեր Սիթիի» հետ գավաթային խաղը: Բացի դա, պետք է հաշվի առնել, որ «Չելսիին» շաբաթվա ընթացքում ծանր հանդիպում է սպասվում Ստամբուլում, որտեղ նրանց են դիմավորելու լոնդոնցիներին և Ժոզեին լավ ծանոթ Դրոգբան և Սնեյդերը: «Էվերտոնը» նույնպես լավագույն մարազավիճակում չէ. վերջին շաբաթներին նրանք ցավալի պարտություններ կրեցին նախ `լիվերպուլյան դերբիում, իսկ հետո նաև ՉԼ-ի` գոտու համար պայքարող ևս մեկ թիմից՝ «Տոտենհեմից»: Դելաֆեույի ապաքինումը վնասվածքից և Լուկակույի` Մոուրինյոյին իր հարցում սխալ թույլ տալը ապացուցելու մղումը կարող են օգնել «Սթեմֆորդ Բրիջում» լավ արդյունքի հասնել, որքան էլ որ վիճակագրությունը հուշում է, որ «յուրահատուկի» օրոք «Չելսին» «Պրեմիեր լիգայում» տանը չի պարտվել:

«Ռեալ Սոսյեդադ» — «Բարսելոնա»

Շաբաթ, ժամը 23:00

«Լա Լիգայի» մնացած ժամանակահատվածում արժե ուշադրություն դարձնել կամ առաջատարների այն խաղերին, որտեղ նրանք հնարավոր է` միավորներ կորցնեն, կամ` եթե այդ տուրում սպասվում է որևէ քաղաքի դերբի: Այս տուրում դերբիներ չեն սպասվում, իսկ առաջատարներից Բարսան «ունակ» է միավորներ կորցնել «Անոետայում», որտեղ չի հաղթում վերջին 3 մրցաշրջաններում: Գավաթի խաղարկությունից Սան Սեբաստյանցիներին դուրս թողնելը ևս մեկ առիթ է, որպեսզի «Սոսյեդադի» ֆուտբոլիստները վրեժխնդիր լինեն կատալոնցիների նկատմամբ՝ զրկելով նրանց առաջատարի դիրքից և մոտենաով ՉԼ-ի որակավորման գոտուն: Մարտինոյի սաները, իհարկե, փայլուն տրամադրություն ունեն Մանչեստերում տարած որոշ առումով անակնկալ վստահ հաղթանակից հետո, բայց «Լա Լիգան» պակաս կարևոր չէ, և «Վալենսիայի» դեմ խաղից հետո նրանք տեղյակ են, թե ինչ գին կարող է ունենալ մրցակցին թերագնահատելը:

Ինչ մնում է այլ երկու առաջատաևներին, ապա «Ռեալ Մադրիդը» ամենայն հավանականությամբ առանց Կրիշտիանոյի կընդունի «Էլչեին» և կփորձի ապացուցել, որ «Պրիմերայի» նորեկին կարող է հաղթել ոչ միայն 96-րդ րոպեին ստացած «նվերների» շնորհիվ, իսկ «Ատ;ետիկոն» կհյուրընկալվի «Օսասունային», որտեղ միավորներ են կորցրել և Բարսան, և «սերուցքայինները»:

«Յուվենտուս» — «Տորինո»

Կիրակի, ժամը 21:30

«Տորինոն» երկրորդ անգամ հանդես կգա «Յուվենտուս Ստեդյումում», որտեղ առաջին այցելությունը ավարտվեց 3-0 ջախջախմամբ: Թուրինյան դերբիի մասին երևի թե կարելի է ավելի հետաքրքիր վիճակագրական տվյալներ փնտրել, բայց կարևորը այստեղ այն է, որ «ցլերը» լավ մարզավիճակում են, իսկ Յուվեն բավականին հոգնած է Եվրոպայի լիգայում «Տրաբզոնսպորի» դեմ խաղից հետո: Բացի դա, Կոնտեի սաները դերբին կսկսեն` իմանալով արդեն «Ռոմայի» հանդիպման արդյունքը, որը կարող է նրանց վրա ավելորդ ճնշում գործադրել:

Բացի թուրինյան դերբիից, «Սերիա Ա-ում» տեղի ունենալիք հանդիպումներից կարելի է առանձնացնել «Սամպդորիա» — «Միլանն» ու «Պարմա» — «Ֆիորենտինան»:

Նախորդ հոդվածը‘Անոնս՝ «Որոտանի» կասկածելի վաճառքի մանրամասների’
Հաջորդ հոդվածը‘Կլիչկոն հաստատում է, որ Յանուկովիչը լքել է երկիրը’