‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1167

«Ինտեր» — «Ռոմա», «Յուվենտուս» — «Միլան», հարավամերիկյան ֆուտբոլի կենտրոնական «կլասիկոն»՝ iLur.am-ի ֆուտբոլային ուիքենդի անոնսում:

«Մանչեստեր Սիթի» — «Էվերտոն»

Շաբաթ, ժամը 15:45

Այս թիմերի այս մրցաշրջանի հանդիպումներն առաջին հերթին պետք է դիտարկել որպես երկու իսպանալեզու մարզիչների հակամարտություն, որոնց թիմերը բավական նույնօրինակ ֆուտբոլ են խաղում, բայց տարբեր նպատակներ են հետապնդում: Սակայն այս պահին մրցաշարային աղյուսակում այն տեղերում չեն, որոնցում ակնկալում էին, որ կլինեն: «Էվերտոնը» Մարտինեսի գլխավորությամբ առաջին 3 ոչ-ոքիներից հետո 3 հաղթանակ տարավ և այժմ ՉԼ գոտում է, իսկ Պելեգրինիի թիմը 7-րդ հորիզոնականում է, և հենց ՉԼ-ում «Բավարաիայից» կրած պարտությունը ցույց տվեց, որ «քաղաքայինները» դեռևս բավականին հեռու են եվրոպական ֆուտբոլային էլիտայի մաս կազմելուց:

«Բայեր 04» — «Բավարիա»

Շաբաթ, ժամը 20:30

Մրցաշարային աղյուսակում թիմերի միջև տարբերությունը ընդամենը 1 միավոր է, այլ հարց է խաղամակարդակներինը: Իրականում «Բայերը», իր կարողությունների համեմատ՝ նույնիսկ սպասվածից էլ լավ է մեկնարկել մրցաշրջանը և՛ «Բունդեսլիգայում», և՛ ՉԼ-ում, բայց նախորդ մրցաշրջանի պես անակնկալ մատուցել և հաղթել Մյունխենցիներին չափազանց բարդ կլինի. ովքեր դիտել են «Մանչեստեր Սիթի» — «Բավարիա» հանդիպումը, դա կհաստատեն: Իսկ ամենակարևորն այն է, որ սա դեռևս «Բավարիայի» ամբողջ պոտենցիալը չէ, և եթե հոկտեմբերի սկզբին են նրանք այսպես սարսափեցնում եվրոպական գրանդներին, մարտ-ապրիլ-մայիսին Ռիբերին և խաղընկերները, թե նույնպիսի քաղց ցուցադրեն խաղադաշտում, կվերածվեն իրական հրեշի:

Չեզոք երկրպագուների համար ցանկալի է Լևերկուզենցիների հաղթանակին ականատես լինել. ուղղակի նրա համար, որպեսզի վերանան կատարելության վերաբերյալ վերսկսվող խոսակցությունները: «Ինչին որ նա ձեռք է տալիս, վերածվում է ոսկու», այո՛, սա կատալոնցու մասին է:

«Ինտեր» — «Ռոմա»

Շաբաթ, ժամը 22:45

«Ներաաձուրիները» վատ մարզավիճակում չեն, Մացարիի հետ նրանք որոշակի հստակություն են ձեռք բերել իրենց ներկայիս անելիքների և հետագայում աճի վերաբերյալ, ինչը կարող է շատ ավելի հստակեցվել ակումբն ասիացի գործարարներին հնարավոր վաճառքից հետո:

Ինչ վերաբերում է հռոմեացիներին, ապա նրանք ուղղակի ֆանտաստիկ են մեկնարկել մրցաշրջանը, և թե՛ խաղով, թե՛ արդյունքներով, այս պահին Իտալիայում լավագույնն են: Ռուդի Գարսիայի գլխավորությամբ՝ նրանք շարունակում են ամենահարձակողական ֆուտբոլը ցուցադրել «Սերիա Ա-ում», ճիշտ է, ոչ այնքան խելահեղ, որքան Զեմանի օրոք: Ֆրանսիացուն հաջողվեց բալանսավորել թիմի խաղը բոլոր օղակներում, և ինչը ևս կարևոր է, նրա մոտ երկրորդ կամ նույնիսկ երրորդ երիտասարդությունը սկսվեց Տոտտի մոտ, ում, եթե լավ համոզեն, կտեսնենք հաջորդ տարի Բրազիլիայում:

Պետք է հիշել, որ «ներաաձուրիների» դեմ «Ռոման» հաղթանակներ էր տանում նույնիսկ Մոուրինյոյի օրոք: Այս ամենը, իհարկե, «գայլերի» երկրպագուներին նորանոր իլյուզիաներ է պարգևում, ընդհուպ մինչև «Սկուդետտո», բայց «Ինտերի» դեմ խաղն առաջին լուրջ դիմակայությունն է մրցաշրջանում. դերբին այսպիսի «Լացիոյի» դեմ պետք չէ հաշվի առնել: «Սան Սիրոյում» հաղթանակը կհաստատի՝ Իտալիայում ինչ-որ կարևոր բան փոխվում է:

«Մարսել» — ՊՍԺ

Կիրակի, ժամը 22:40

Արաբական և ռուսական փողերը շատ բան փոխեցին ֆրանսիական ֆուտբոլում և հավակնում են ազդեցիկ դառնալ նաև նրանից դուրս, բայց «Առաջին լիգայի» երկրպագուների համար մրցաշրջանի կենտրոնական դիմակայությունը մնում է «Ֆրանսիայի դերբին»:

«Մարսելի» խաղացողները որևէ դիրքում առավելություն չունեն իրենց մրցակցի նկատմամբ, բայց ցանկության և աշխատասիրության շնորհիվ ընդամենը մեկ միավոր են զիջում ՊՍԺ-ին, ճիշտ է, դրանք չեն բավականացնում լավ ելույթներ ունենալ ՉԼ-ի մահվան խմբում: Ճիշտ է, պետք չէ մոռանալ, որ «Կորցնել բոլոր հույսերը՝ նշանակում է ազատություն ձեռք բերել», և սա կարող է օգնել մարսելցիներին հաջող ելույթներ ունենալ ներքին առաջնությունում:

«Յուվենտուս» — «Միլան»

Շաբաթ, ժամը 22:45

«Յուվենտուսը» դեպրեսիայի մեջ է, որի հետևանքով շատանում են թուրինցիների՝ մրցաշրջանում հավակնությունների վերաբերյալ կասկածները: ՉԼ-ում անիմաստ ոչ-ոքիների շարքը պետք է ավարտել «Ռեալ Մադրիդի» դեմ հաղթանակով, ինչն ավելին քան բարդ է լինելու անել: Բայց մինչ ՉԼ-ին անդրառնալը՝ հավաքականների խաղերով պայմանավորված դադարից առաջ պետք է թույլ չտալ «Ռոմային» կամ «Նապոլիին» ավելացնել միավորների տարբերությունը իրենց նկատմամբ: Դրա համար ստեղծված են լավագույն պայմանները՝ «Միլանը» Թուրին է ներկայանում առանց իր միակ «լուսավոր» կամ «սևավոր» կողմի՝ ինչպես կուզեք. Բալոտելլին որակազրկված է, բայց Մատրին ամեն ինչ կանի իր նախկին թիմի դարպասը գրավելու համար:

«Ռիվեր Պլեյտ» — «Բոկա Խունիորս»

Երկուշաբթի, ժամը 01:00

Համաշխարհային «սուպերկլասիկո», և եթե դուք երբեք չեք դիտել այն, սկսեք այն կիրակի կեսգիշերն անց, ձեզ այն բաց չթողնելու համար կօգնեն livetv.ru և rojadirecta.me կայքերը: «Ռիվերի» բարձրագույն խումբ վերադարձից հետո արգենտինացիները «սուպերկլասիկոն» այնպիսի ժամի են տեղադրում, որպեսզի Եվրոպայում էլ կարողանան այն դիտել:

Սա բոլորովին այլ աշխարհ է՝ բոլորովին այլ կատարողներով, այլ մտածողությամբ և այլ տրամադրությամբ: Եթե հետաքրքիր է՝ «Ռիվերի» կազմում է հարավամերիկյան ֆուտբոլում լավագույն պաշտպաններից մեկը՝ Բալանտան,  ով ուշ թե շուտ կհայտնվի Եվրոպայում, իսկ «Բակայում»՝ վերջին տասնամյակի իսկ արգենտինացիների համար բոլոր ժամանակների լավագույն «10» համարներից մեկը՝ Ռիկելմեն:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Ամուլսարի ոսկու հանքը շահագործումը կարող է կասեցվել’