‘Հանձնաժողովի ՀԱԿ անդամը պարզաբանում է «հարբած» նախագահի հետ կապված միջադեպը’

2302

iLur.am-ը Երևանի ավագանու ընտրությունների օրը հայտնել էր, որ թիվ 9/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Գալուստ Սարգսյանը հարբած է ներկայացել ընտրատեղամաս: Ավելի ուշ կազմվել է արձանագրություն, որտեղ գրվել է, որ Սարգսյանը հարբած չի եղել: Այն ստորագրել է նաև հանձնաժողովի կոնգրեսական անդամ Անահիտ Գրիգորյանը, սակայն նա արձանագրությունում լրացում է կատարել՝ նշելով, որ եթե նախագահը հարբած չէ, չի նշանակում, որ նա ալկոհոլ չի օգտագործել: Մինչդեռ մի քանի լրատվամիջոցներ այնպես էին ներկայացրել, թե հանձնաժողովի կոնգրեսական անդամը նախ բողոքել է, թե հանձնաժողովի նախագահը հարբած է, այնուհետև արձանագրության մեջ իր ստորագրությամբ հաստատել է, թե հարբած չէ:

Ընտրատեղամասում «Արմնյուզի» լրագրողը մեկնաբանություն է խնդրել Անահիտ Գրիգորյանից, սակայն վերջինս մերժել է հարցազրույց տալ, քանի որ, իր խոսքով, կատարում էր իր պարտականությունները և այդ պահին զբաղված էր, սակայն ավելի ուշ նա, ազատ ժամանակ գտնելով, պարզաբանել է իրավիճակը մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցների, մասնավորապես՝ haynews.am-ի, panorama.am-ի, lragir.am-ի, henaran.am-ի հետ զրույցում: «Արմնյուզի» հետ զրույցում ԸԸՀ-ի կողմից նշանակված անդամը և դիտորդներից մեկը հայտնել էին, թե Կոնգրեսի հանձնաժողովի անդամը ստորագրել է արձանագրությունը, որը միանշանակորեն ժխտում է հանձնաժողովի նախագահի՝ ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը: Անահիտ Գրիգորյանը պնդում է, որ հենց նույն արձանագրության մեջ, ստորագրությունից բացի, լրացում է կատարել՝ նշելով, որ հարբածը և ալկոհոլ օգտագործածը նույն բանը չեն:

Անահիտ Գրիգորյանի խոսքով՝ Սարգսյանը ուշացումով է ներկայացել տեղամաս, և հանձնաժողովի նիստն ուշ է սկսվել: Բացի այդ, Սարգսյանը ճնշում էր գործադրում հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի վրա՝ ասելով, թե նա դանդաղ է լրացնում մատյանը:

«Ամբողջ ընթացքում այնպիսի տպավորություն էր, որ նախագահի պարտականությունները կատարում է ոչ թե Գալուստ Սարգսյանը, այլ ԸԸՀ-ի կողմից նշանակված անդամը»,- նշում է Անահիտ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Գալստյանի՝ ալկոհոլ օգտագործած լինելու մասին է խոսում նաև նրա հագուկապը:

«Ընտրությունները համապետական նշանակության միջոցառում են, որտեղ հանձնաժողովի անդամները, առավել ևս՝ նախագահը, պարտավոր են ներկայանալ վայելուչ տեսքով և սափրված: Սա նույնպես վկայում է նրա՝ ալկոհոլ օգտագործած լինելու մասին: Խնդրում եմ հետ պտտել «Արմնյուզի» տեսանյութը և գնահատել նախագահի արտաքինը: ԿԸՀ ներկայացուցիչ Տերտերյանը միայն բանավոր զգուշացրեց, որ նա իրավունք չունի գոռգոռալու հանձնաժողովի անդամների վրա, միաժամանակ չնկատեց ու դիտողոություն չարեց ոչ վայելուչ արտաքինի համար»,- ասաց նա:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Արոնյան. Պետք է վերջ տալ մրցաշարերի հաղթողի որոշման ներկայիս համակարգին’
Հաջորդ հոդվածը‘Նոր Նորքում տեղամասից դուրս նշումներով ընտրացուցակներ էին շրջանառվում (տեսանյութ)’