‘ՀԱՊԿ-ը կարգելի՞ Ռուսաստանին զենք վաճառել Ադրբեջանին’

937

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարող է հստակ մեխանիզմներ մշակել, որպեսզի Ռուսաստանն այլեւս Ադրբեջանին զենքի չվաճառի:

ԱԺ-ում տեղի ունեցած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստից հետո  կայացած ասուլիսին հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Անատոլի Վիբորնին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում` պահպանելով իր վերցրած միջազգային պարտավորությունների «տառը»: Հետեւաբար՝ նրա խոսքով, պետք է հարցը կարգավորել իրավա-պայմանագրային դաշտում:

«Մենք խորհրդարանականներ ենք, եւ մեզ համար կարեւոր է խնդիրը քննարկել իրավական դաշտում: Նիստի ժամանակ արձանագրել ենք, որ պրոբլեմը գոյություն ունի, եւ արդեն ժամանակն է, որ այս հարցի վերաբերյալ քննարկում ծավալվի», — ասաց Վիբորնին` նշելով, որ այսօր կայացած նիստում այդ խնդիրը բարձրացվել է նաեւ հայաստանցի պատգամավորների կողմից:

Այնուհանդերձ, ռուսաստանցի պատգամավորը հրաժարվեց խոստովանել, որ ռազմավարական գործընկեր Հայաստանի անվտանգությանը սպառնացող Ադրբեջանին զենք վաճառելով` Ռուսաստանը, թեեւ գուցե պահպանում է «օրենքի տառը», բայց ոչ` «օրենքի ոգին»:

«Մենք գիտենք ձեր ցավը եւ նկատի կունենանք ձեր այդ անհանգստությունը: Այն, որ մենք այստեղ ենք անցկացնում այս նիստը, դա արդեն վկայում է այն մասին, որ մենք անհանգստանում ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով: ՌԴ-ն առավելագույնս անում է ամեն ինչ, որպեսզի որևէ երկրի կողմից չլինի սպառնալիք», — նշեց նա:

Անատոլի Վիբորնիի խոսքով, զենքի վաճառքի ասպարեզում պետք է ընդհանուր կանոններ մշակել: Որպես օրինակ` նա մեջբերեց ճանապարհային երթեւեկության կանոնները. «Մի երկրում կարմիրի տակ արգելվում է անցնել, մեկ այլ երկրում` արգելվում է անցնել կանաչ տակ: Մենք պետք է հստակեցնենք, թե որ լույսի տակ է պետք անցնել, եւ պետք է բացառել միջանկյալ տարբերակները` դեղին գույնը», — նշեց նա:

Ասուլիսին մասնակցող ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր հերթին նշեց, որ քննարկումների արդյունքում համաձայնագիր կկնքվի, որում բոլոր մտահոգությունների պատասխանները ներառված կլինեն:

«Նոյեմբերի վերջին, հավանաբար, կունենանք հայտարարություն, որ ռազմական ճանապարհով լուծելի որևէ փորձ՝ ՀԱՊԿ կողմից կարող է դիտվել որպես միջազգային իրավունքին և ՀԱՊԿ-ին ուղղված մարտահրավեր»,– ասաց նա:

Ի դեպ, ռուսաստանցի խորհրդարանականը, հայտարարելով, որ «լավ է հասկանում հայերի ցավը»,  ի միջի այլոց տեղեկացրեց նաեւ, որ իր ղեկավարած պատվիրակությունն այցելելու է Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր: «Մենք մտադիր ենք այցելել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զոհված հայերի հուշահամալիր», — ասաց Վիբորնին:

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի’
Հաջորդ հոդվածը‘Հասմիկ Պողոսյանը հոգնել է «էդ Փակ շուկայի» թեմայից’